Thursday, April 14, 2011

«Թուրքիայում 40 հազար ՀՀ քաղաքացի կա, որոնց ցանկության դեպքում կարող ենք հետ ուղարկել». Էրդողանը կրկնում է իր տխրահռչակ խոսքերը

HayNews.am. 13-4-2011- ԵԽԽՎ ամբիոնից խորհրդարանականների հարցերին պատասխանող Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը նորից հիշեցրել է իր «Թուրքիայում բնակվող 70 հազար անօրինական ներգաղթած հայաստանցիների մասին» խոսքերը` այս անգամ այց թիվը դարձնելով 40 հազար:
Ինչպես հայտնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, Էրդողանը, պատասխանելով հայ խորհրդարանականների հարցերին` կապված փակ սահմանի և հայ-թուրքական բարեկամությանը նվիրված Կարսի հուշարձանի ապամոնտաժման որոշման հետ, նշել է.
«Իմ երկրում շուրջ 70 հազար հայ է ապրում, ովքեր Թուրքիայի քաղաքացիներ են: Իմ երկրում ապրող ևս 40 հազար հայ Թուրքիայի քաղաքացի չեն: Մենք նրանց Հայաստան չենք ուղարկում, պահում ենք մեր երկրում: Եթե ցանկանանք, կարող ենք հետ ուղարկել: Մեր երկիր գալիս են վատ պայմաններից ելնելով: Կարծում եմ` այս ամենը դուք չգիտեք… Արձանագրություններով նախատեսվում էր լուծել մի շարք հարցեր: Ես էլ եմ մասնակցել դրանց հետ կապված բանակցությունների որոշակի փուլին: Ինչպես նկատել եմ, Հայաստանի իշխանություններն ամաչկոտություն են ցուցաբերում Սփյուռքի հետ հարաբերություններում, և երբ դա մի կողմ դրվի, գործընթացն ավելի հեշտ կլինի»:
Հիշեցնենք, որ 2010 թվականի մարտին Էրդողանը BBC-ին տված հարցազրույցում սպառնացել էր երկրից արտաքսել «70 հազար ապօրինի ներգաղթած հայաստանցիներին»: Այդ հայտարարությունը խիստ բացասական արձագանք էր գտել ոչ միայն միջազգային հանրության շրջանում, այլ անգամ Թուրքիայի ներսում:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ Թուրքիայում բնակվող հայաստանցիների արտաքսման սպառնալիքն այս տարի ևս հնչում է Ապրիլի 24-ից առաջ:

No comments: