Thursday, April 14, 2011

ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼՈՎ ԴԵՊԻ ԵՂԵՌՆԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ

«ԱԶԳ», 14-04-2011- Չորս տարուցՙ 2015-ին, համայն աշխարհի հայությունը նշելու է Հայոց մեծ եղեռնի հարյուրամյակը, եւ չնայած զանգվածային նախապատրաստական աշխատանքները դեռեւս այնքան էլ տեսանելի չեն, այդուհանդերձ շրջադարձային այդ տարեթիվը յուրաքանչյուր հայի հոգու խորքում է ու մտքի մեջ:
Նրանք, ովքեր ժամանակին մոռանալու եւ ներելու կողմնակիցներն էին, ի վերջո հասկացան, որ անցած հարյուր տարիների ընթացքում ցեղասպանությունը ոչ միայն չմոռացվեց, այլեւ այդ չարաբաստիկ ողբերգությունը միջազգային ճանաչմանն արժանացնելու ջանքերը հետզհետե առավել մեծ թափ ստացանՙ փոխանցվելով սերնդեսերունդ:
Ցեղասպանությունից փրկվածները քով քովի գալով կազմակերպվեցին որպես համայնքներՙ դիմակայելու համար ժխտողական մարտահրավերներին: Մի ամբողջ ազգ բնաջնջելուց եւ նրա պատմական հայրենիքին տիրանալուց հետո թուրքերն իրենց ժխտողական քաղաքականությունը տարածեցին ամենատարբեր բնագավառներումՙ ակադեմիականից դեպի զանգվածային լրատվամիջոցներ, քաղաքականություն եւ մշակույթ: Բարեբախտաբար, հայերս կարողացանք պայքարել այդ մարտահրավերների դեմՙ հրատարակելով բազմաթիվ ակադեմիական մակարդակի հատորներ, հակահարվածելով թուրքերին քաղաքականության եւ լրատվության ասպարեզներում: Բայց մենք դեռ շատ բան ունենք անելու:
Մեծ եղեռնի հարյուրամյակը շրջադարձային է լինելու, եւ մենք պետք է կարողանանք մեր ջանքերն ավելացնել եւ նախատեսված աշխատանքներն ավելի լավ կազմակերպել, որպեսզի պատշաճ ձեւով հարգած լինենք մեր զոհերին:
Մոտավորապես մեկ դար պահանջվեց, որ ճաքեր առաջանային Թուրքիայում լռության պատի վրա: Այսօր թուրք պատմաբաններ, գրողներ, լրագրողներ եւ քաղաքական գործիչներ զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցերով եւ փորձում են իրազեկ դարձնել հասարակության լայն խավերին, որոնք մինչ օրս սնվել են պատմության ամեն տեսակի նենգափոխված տարբերակներով: Անսպասելիորեն քրդերը, որոնք մեղսակիցներ էին եւ ակտիվ մասնակցություն էին ունեցել ցեղասպանության իրականացմանը, այժմ դարձել են Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ի նպաստ ամենաբարձրաձայն արտահայտվողները, որովհետեւ իրենք էլ իրենց հերթին ճաշակել են թուրք առաջնորդների ցեղասպանական քաղաքականության պտուղները:
Սակայն մինչ նենգափոխությունների հիման վրա կառուցված խաղաքարտե շենքը փլուզվում է, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է համառորեն հայերից գեթ մեկ ապացույց պահանջել, որ թուրքերն իրոք ցեղասպանություն են իրականացրել հայերի հանդեպ: Նրա վերջերս կայացած այցելությունը Մոսկվա ծրագրված էր համընկնելու Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ստորագրման 90-րդ տարեդարձին: Այդ պայմանագրերը ստորագրվել էին 1921 թվին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի եւ ռուսական հեղափոխության ղեկավար եւ ԽՍՍՀ-ի հիմնադիր Վլադիմիր Իլյիչ Լենինի միջեւ: Դրանցով Թուրքիային էին հանձնվում պատմական Հայաստանի տարածքները: Էրդողանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին նվիրեց «Բարեկամութան եւ եղբայրության պայմանագրի» պատճենը, հայտարարելով մամուլի ասուլիսի ժամանակ, որ «այս փաստաթուղթը շրջադարձային է մեր պատմության համար, քանի որ դրանով Մոսկվան ճանաչում է մեր արեւելյան սահմանները»: Ակնարկը Հայաստանին էր ուղղված, քանի որ Հայաստանը կուլ չէր տվել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, թուրքերն այժմ գնդակն ուղարկում էին Մոսկվա:
Շատ պատմաբաններ եւ իրավաբաններ են քննարկել եւ հարցականի տակ դրել այս պայմանագրի օրինականության հարցն այն պատճառով, որ Մոսկվայի սույն պայմանագիրը ստորագրվել է 1921 թվի մարտի 16-ին խորհրդային կառավարության կողմիցՙ առանց Հայաստանի մասնակցության: Իսկ Կարսի պայմանագիրը 1921-ի նոյեմբերի 13-ին դարձյալ Մոսկվայի կողմից պարտադրվեց Հայաստանին:
Ավելին, Աթաթուրքի Թուրքիան այդ ժամանակ դեռ չէր էլ ճանաչվել որպես գործող կառավարություն, որպեսզի կարողանար միջազգայնորեն պարտավորեցնող որեւէ պայմանագիր կնքել որեւէ երկրի հետ: Այդ պայմանագիրն այժմ առավել եւս ուժը կորցրած պետք է համարել, քանի որ Մոսկվան այլեւս Թուրքիայի հետ սահման չունի, որպեսզի հայկական տարածքներ զիջի նրան կամ մի որեւէ այլ կողմի:
Այնպես որ Էրդողանի թատերական ներկայացումն անքակտելի մասն էր կազմում թուրքական ժխտողական քաղաքականության եւ նպատակ ուներ խափանելու հետագա որեւէ տարածքային պահանջ Հայաստանի կողմից: Թուրքիայի նախկին բռնակալներից մեկըՙ Քենան Էվրենը, մի ժամանակ զգուշացրել էր հայերինՙ ասելով, որ «տարածքները արյունով են ձեռք բերում: Եթե կարող եք, եկեք եւ վերցրեք Թուրքիայի տարածքներից որեւէ մեկը»: Մենք պետք է լուրջ վերաբերվենք Էվրենի խոսքերին: Պատմությունը լի է անակնկալներով:
Էրդողանի մի այլ խորհրդանշական գործողությունը Կարսում տեղադրված բարի կամքի հուշարձանի ապամոնտաժման աշխատանքների հետեւողականությունն է:
Ցեղասպանության հարյուրամյակը ամենալավ առիթն է, որ Հայաստանն էլ իր հերթին հանդես գա խորհրդանշական մի նախաձեռնությամբ: Հայաստանում, ճիշտ է, բազմաթիվ հուշարձաններ կան, բայց այս մեկը եզակի իմաստ կարող է ունենալ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հիանալի կոթող էՙ հավերժացնելու համար մեր զոհերի հիշատակը: Բայց մենք դեռ չունենք մի հուշարձան, որը հավերժացներ զանգվածաբար սպանված մեր մտավորականների, գրողների եւ արվեստագետների հիշատակը: Զարմանալիորեն պատմության մեծ ոճրագործները միշտ էլ եղել են նաեւ հմուտ գրաքննադատներ, որոնք ընտրել են եւ ոչնչացրել մշակույթի տարբեր բնագավառների սերուցքը կազմող ներկայացուցիչներին: Թալեաթ փաշայի խորամանկություններից մեկն էրՙ զրկել Օսմանյան կայսրության հայկական բնակչությունն իր մտավորականներից նախքան զանգվածային տեղահանության եւ բնաջնջման առաջնորդեր մնացյալներին: Նա ընտրեց Գրիգոր Զոհրապին, Դանիել Վարուժանին, Երուխանին, Կոմիտասին, Սիամանթոյին, Ռուբեն Սեւակին եւ մյուսներին, որպեսզի սպանի: Զոհրապի գանգը ջախջախվեց քարով, Վարուժանի մատները կտրատվեցին եւ աչքերը կուրացվեցին նախքան նրա սպանությունը:
Մենք չունենք եւ չենք ունեցել մի հավաքական հուշարձանՙ նվիրված մեր այս մեծերին, որոնց մտավոր զարգացածությունը թիրախ էր դարձրել նրանց երիտթուրքերի արյունռուշտ վարչակարգի համար:
Պատմության մեկ այլ ոճրագործՙ Ստալինը նույնպես ապացուցեց, որ լավ «գրաքննադատ» է: Նա ընտրեց Չարենցին, Մահարուն, Զապել Եսայանին, Բակունցին եւ Մկրտիչ Արմենին, որպեսզի Սիբիր աքսորի եւ կամ տեղնուտեղը սպանի: Մեր այս մեծերը սպանվեցին, որպեսզի լռեն եւ չարտահայտեն իրենց խիզախ ու ինքնատիպ մտքերը:
Կատարվածից մոտ հարյուր տարի անց գործնականորեն հնարավոր չէ ներկայիս Թուրքիայի սահմաններում որոնել մեր սպանված գրողների մնացորդները: Բայց անհավատալի է, որ Չարենցի մնացորդները հնարավոր չէ գտնել Հայաստանի սահմաններում: Գուցե դեռ ողջ են այն մարդիկ, որոնց ձեռքերը ողողված են արյունով:
Հետեւաբար, բոլոր մեր սպանված գրողներին ու մտավորականներին նվիրված հուշարձանը ենթադրում է, որ ունենա երկու թեւ: Մի թեւի վրա նշվեն ցեղասպանությանը, իսկ մյուսումՙ Ստալինի քմահաճ վերաբերմունքին զոհ գնացած մտավորականների անունները: Հուշարձանը կարելի է զետեղել հայ-թուրքական ներկա սահմանի որեւէ հատվածումՙ հիշեցնելու համար թուրքերին իրենց անասելի ոճրագործության մասին եւ խորհրդանշելու, որ հայերն ունեն պահանջատիրական ձգտումներ իրենց պատմական տարածքների նկատմամբ:
Եռաբլուրի հուշարձանը նվիրված է բոլոր նրանց, ովքեր ընկել են հայկական հողերի պաշտպանության համար, զորավար Անդրանիկից մինչեւ Վազգեն Սարգսյան եւ բոլոր մյուսները, որոնք զոհ գնացին ղարաբաղյան պատերազմին:
Հարյուրամյակի առթիվ կառուցվելիք մեր առաջարկած հուշարձանը նաեւ առիթ կընձեռի հայրենի մտավորականությանըՙ վերանայելու եւ վերագնահատելու Արեւմտյան Հայաստանի գրողներին եւ մտավորականությանը: Երբ Հայաստանը խորհրդային կայսրության մաս դարձավ, արժեքները համակարգման ենթարկվեցին եւ ժամանակի ընթացքում սառեցվեցին: Բոլոր նրանք, ովքեր այդ կայսրության սահմանի ներսում էինՙ ընկալվում էին որպես ազգային հարստություն, մյուսներըՙ Արեւմտյան Հայաստանի ներկայացուցիչները, նույն հնարավորությունը չունեին:
Հայաստանի փողոցների անունները նվիրված են Արեւելյան Հայաստանի այս կամ այն գրողին կամ մտավորականին, եւ շատ չնչին բացառությամբՙ Արեւմտյան Հայաստանի մտավոր կարողությունների ներկայացուցիչներին, որոնք դեռեւս իրենց արժանի տեղը չեն գրավում հայրենիքում:
Մինչդեռ նրանք այսօր, երբ Սփյուռքը կորցնում է իր դիմագիծը, ավելի քան երբեւէ արժանի են լրջագույն գնահատանքի:
Եղեռնի հարյուրամյակի ճանապարհը լի է մարտահրավերներով, եւ վերոնշյալ հուշարձանը ուղղելով անցյալի որոշ սխալներ, միաժամանակ կազդարարի մի նոր, առողջ, ուժեղ եւ հուսալի ապագա մեզ համար:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

No comments: