Thursday, April 7, 2011

Գ. Մելիքյան. Ինչո՞ւ է Չավուշօղլուն իրեն քաղավիացիայի ոլորտի պաշտոնյայի տեղ դրել

Panorama.am. 7-4-2011- «Չեմ հասկանում, ինչո՞ւ է Չավուշօղլուն իրեն քաղավիացիայի ոլորտի պաշտոնյայի տեղ դրել ու ինչ-որ անհասկանալի առաջարկներ անում»,- մեկնաբանելով ԵԽԽՎ ղեկավար Մևվլութ Չավուշօղլուի հնչեցրած հայտարարություններն այն մասին, թե եթե Ադրբեջանը ցանկանա, ապա Ստեփանակերտի օդանավակայանի հարցը կարող է քննարկվել ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում՝ Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքերով, անթույլատրելի է այն հանգամանքը, որ ԵԽԽՎ ղեկավարը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին հարցերին, ինչը բնականաբար նրա պաշտոնական պարտականությունների մեջ չի մտնում:
«Արցախն անկախ պետություն է և նա է որոշում, թե երբ օդանավակայան կառուցի, ինչպես դա շահագործի կամ ապահովի դրա անվտանգությունը: Միջազգային չվերթներ իրականացնելու համար կա համապատասխան միջազգային կառույց և Չավուշօղլուի առաջարկները մեղմ ասած անհասկանալի են»,- ընդգծեց պատգամավորը:
Նա զարմանք արտահայտեց այն փաստի առնչությամբ, որ օդանավակայանի շահագործման վերաբերյալ Ադրբեջանից ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են հնչում՝ ընդգծելով, որ դատապարտելի է Ադրբեջանի՝ ԼՂՀ ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ:

No comments: