Wednesday, April 13, 2011

Դ. Բաբայան. Համանախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի հարցը

Panorama.am. 13-4-2011- «Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող մի շարք հիմնահարցեր: Նախագահ Բակո Սահակյանը հերթական անգամ ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, խոսել Ադրբեջանի ոչ կառուցողական գործելաոճի մասին»,- մեկնաբանելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ շոշափված հարցերը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նա տեղեկացրեց, թե հանդիպման ընթացքում համանախագահներին իրազեկվել է, որ ադրբեջանական կողմը տարբեր երևույթները փորձում է խեղաթյուրված ներկայացնել, ինչպես նաև՝ քաղաքականացնում է հումանիտար բնույթի հարցերը, այդ թվում՝ դաշտային առաքելության իրականացրած աշխատանքները:
Բանախոսն ընդգծեց, որ դաշտային առաքելությունը զուտ մարդասիրական բնույթ էր կրում, իսկ Ադրբեջանում այն քաղաքականացնում են:
«Չի շրջանցվել նաև Ստեփանակերտի օդանավակայանի թեման, ինչի կապակցությամբ Բակո Սահակյանը խոսել է Բաքվի ոչ կառուցողական հայտարարությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք չեն նպաստում ո՛չ հակամարտության կարգավորմանը, և ո՛չ էլ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը»,- ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետը:
Ի դեպ, ինչպես նշեց, Դ. Բաբայանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին կայացած կառավարության նիստում կրկին հանդես է եկել ռազմատենչ և ապակառուցողական հայտարարություններով, ինչը ցույց է տալիս այդ պետության դիրքորոշումն ու Ադրբեջանում հիվանդագին համակարգի առկայությունը:

No comments: