Saturday, April 16, 2011

ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՆՔՆԱՐԴԱՐԱՑՈՒՄԻՑ

«Լրագիր» 15-4-2011- Ռեգիոն կենտրոնը լրագրողների համար կազմակերպել է օնլայն հարցազրույց Ռազմավարական հետազոտություններ հիմնադրամի փորձագետ, Մոնդ թերթի վերլուծաբան Կայծ Մինասյանի հետ:
lragir.am-ի խնդրանքով մեկնաբանելով Եվրախորհրդարանի վերջին բանաձեւը, ըստ որի կոչ է արվում հարաբերություններ հաստատել չճանաչված պետությունների հետ, փորձագետն ասել է, որ նման շփումներ հաստատելու մասին եվրոպացիները վաղուց են մտածում: Եւ տվյալ որոշումը բավարարում է մի քանի չափանիշ:
“Ռազմավարական չափանիշը` ԵՄ-ը չի կարող թույլ տալ, որ այս կազմավորումները բացառիկ հարաբերություններ ունենան որևէ առանձին երկրի հետ. Ռուսաստանը` Մերձդնեպրյան շրջանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, իսկ Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի հետ: Քաղաքական չափանիշը` տարածաշրջանային կայունություն, որին եվրոպացիները ձգտում են հասնել` կապ հաստատելով ցանկացած կազմավորման հետ, որը կարող է պայթյունավտանգ լինել խոցելի տարածաշրջաններում: Ինչքան շատ լինեն կապերը, այնքան ավելի ցածր է պատերազմի հավանականությունը: Եվ, վերջապես, մարդկային չափանիշը` ԵՄ չի կարող առանց կառավարման և միայնակ թողնել եվրոպական բնակչությանը:
Ինչ վերաբերում է հայերի հետ հարաբերությունների ձեւաչափին, ապա նրանք ունեն բոլոր եվրոպական լծակները` իրենցը պարտադրելու համար: Այս անելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը հրաժարվի իր ինքնարդարացման/պաշտպանվողի դիվանագիտությունից”, ասել է Կայծ Մինասյանը:

Ֆրանսիան գործուն մասնակցություն ունի Լիբիայի ու Կոտ դ’Իվուարի գործողություններին: Պատասխանելով հարցին, թե ո՞վ է որոշում այլ երկրների գործերին միջամտելու նպատակահարմարությունը, եւ այդ համատեքստում հնարավո՞ր է համարում Ֆրանսիայի կամ Եվրամիության զինված միջամտությունը Ղարաբաղյան հակամարտությանը, Կայծ Մինասյանը պատասխանել է.

“Ներկայիս հանգամանքներում, որոնցում գտնվում է Լեռնային Ղարաբաղը, ոչ մի արևմտյան ուժ ռազմական միջամտություն չի դրսևորի: Սա պետք է հստակ գիտակցել: Պետք է լինեն բազմաթիվ պատճառներ, որպեսզի միջազգային հանրությունը միջամտի, իսկ դրանք չկան: Ոչ Ֆրանսիան, ոչ էլ Գերմանիան չեն միջամտի Հայաստանի գործերին: Հիշեք, Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմի ժամանակ արևմտյան ռազմական արձագանքի բացակայության փաստը: Իսկ հիմա եկել է երկխոսության ժամանակը, թեև բարդ, բայց երկխոսության”:

No comments: