Thursday, April 7, 2011

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով և շնորհավորում կանանց` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:
Աշխարհի փրկության համար Քրիստոսի մարդեղացման հրեշտակաձայն ավետիսն ենք վերստին հիշում նվիրական այս տոնին, որ մեզ բերում է նաև հորդորը Տիրամոր հեզ օրինակով աստվածային բարերար կամքին հնազանդվելու, Ավետարանի լույս պատգամներով ապրելու և գործելու:
Աստվածածնի նման խոնարհությամբ, առ Աստված հավատարմությամբ կանայք պիտի արդյունազարդեն իրենց բացառիկ առաքելությունը` նոր սերունդ դաստիարակելու, ընտանեկան օրհնյալ հարկը սիրով և հոգատարությամբ զորացնելու, նաև ազգային-եկեղեցական մեր կյանքում իրենց կոչումը բարի գործունեությամբ արդյունավորելու: Ճշմարիտ գեղեցկությունը առաքինազարդ հոգում է կանաց ու մայրերի, ովքեր հավատքով և մարդկանց հանդեպ սիրով լեցուն օրհնյալ արգասիքներ են բերում ազգային մեր անդաստանում:
Թող Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ Տերն օրհնի բոլոր կանանց և մայրերին, շնորհի արևշատություն, երկնապարգև երջանկություն և պահի ու պահպանի Ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո:

No comments: