Thursday, April 14, 2011

Երկքաղաքացիությամբ անձինք, հնարավոր է, կարողանան առաջադրել իրենց թեկնածությունը ՀՀ ընտրություններում

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք հայեցակարգային առաջարկություններ եւ դիտողություններ, հաղորդում է Օմբուդսմենի գրասենյակի մամլո ծառայությունը:
Պաշտպանն առաջարկում է վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը, նկատի ունենալով, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս քաղաքացիները:
Պաշտպանն անհրաժեշտ է համարում վերանայել տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը եւ առաջարկվում է լրացում կատարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգում: Առաջարկվում է նաեւ լրացուցիչ քննարկել Հանրապետության Նախագահի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, անհարկի սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը: Քննարկման թեմա է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության խնդիրը: Առաջարկվում է քննարկել ժամանակավորապես արտերկրում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու հնարավորություն ընձեռելու տարբերակը, որպես կամքի ազատ արտահայտման իրավունքի իրացում:
Բացի այդ, քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկության մատչելիության դրույթը կանոնակարգման եւ եզրույթների հստակեցման կարիք ունի ՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար:
Պաշտպանը մատնանշել է նաեւ համայնքի ղեկավարի ընտրության կարգում առկա հակասությունը` միաթեկնածու ընտրության կայացման հնարավորության, իսկ մեկ այլ կետով դրա բացառման տեսքով: Առաջարկություններ կան նաեւ ընտրական ցուցակներում կանանց ներկայացվածության կարգերի վերաբերյալ եւ այլն:

No comments: