Thursday, April 14, 2011

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՎԷ ՉԻ ՆԵՐԵԼ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հայտարարել է թուրք գրող Քեմալ Յալչընըՙ ներողություն խնդրելով հայերից եւ ասորիներից

Քեմալ Յալչընը գերմանաբնակ թուրք գրող է: Նրա «Քեզ հետ է ցնծում սիրտս», «Սարի գյալին», «Ողջ մնացածները», «Հազարամյակի վկաներ. Անատոլիայի զավակները» վավերագրական վեպերի եւ կենսագրությունների բուն թեման Հայոց ցեղասպանությունն է, ցեղասպանությունից հրաշքով փրկվածներն ու առերեւույթ իսլամացած հայերը: Յալչընի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, պարսկերեն, իսկ «Քեզ հետ է ցնծում սիրտս» վեպըՙ նաեւ հայերեն, ինչպես Գերմանիայում, այնպես էլ Հայաստանում:
Ստեղծագործությունների թեման Յալչընին դարձրել է թուրքական պետական կառույցների հալածանքների եւ այդ կառույցների վերահսկողության տակ Գերմանիայի գլխավորությամբ եվրոպական երկրներում գործող թուրքական տարբեր միությունների սպառնալիքների թիրախ:
Այս հանգամանքը սակայն ամենեւին էլ չի խանգարում, որ Քեմալ Յալչընը հետամուտ լինի Հայոց ցեղասպանության հետ նաեւ հայ ժողովրդի դահիճների դատապարտմանը, ստեղծագործություններով թուրք ընթերցողին ներկայացնի ճշմարտությունը, հրապարակավ անվարան արտահայտվի ճշմարտության մասին, առանց թաքցնելու համակրանքը մեր ժողովրդի հանդեպ:
Ապիլի 9-ին Բրյուսելում, ինչպես վկայում է «Հայթերթ» կայքէջի հրապարակումը, Ժողովրդավար հայերի միությունը կազմակերպել է «Թուրքիայում հայ լինել» թեմայով միջոցառումը, հրավիրելով որպես բանախոս Քեմալ Յալչընին:
Ըստ կայքէջի, թուրք բանախոսն անդրադարձել է այն իրադարձություններին, որոնք, թեեւ ակներեւ են, բայց չեն հրապարակվում: 1982-ի հունվարից ի վեր Գերմանիայում բնակվող թուրք գրողն ասել է, որ այս երկրում քաղաքական ապաստան է գտել եւ այստեղ է ճանաչել հայերին: Նրա կյանքում շրջադարձային է եղել 1994 թվականը, երբ նա իր ծնողների հորդորներով մեկնել է Հունաստանՙ հանձնելու իրենց տերերին օժիտի այն երկու տոպրակները, որոնք 76 տարի առաջ նախքան Թուրքիայից փախուստի դիմելը, Յալչընի մեծ հորն էին հանձնել հայ հարեւանները:
Յալչընը Հունաստանում ամբողջական պատկերացում է կազմել Հայոց ցեղասպանության մասին, իսկ դա նպաստել է, որ նա սկսի ուսումնասիրել ներկայումս Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերին:
«Մերոնք» կոչվող ծպտյալ հայերի հետ թուրք գրողը ծանոթանում է 1998-ին Ամասիայի եւ Թոքաթի շրջաններում, իսկ 2004-ին նրա ընկերներից մեկն ասում է. «Կգնաս Ադիյաման, որտեղ կհարցնես քուրդ հաջի Իբրահիմին: Նա գնում է եւ գտնում նրանց, ապա իր տպավորությունները շարադրելիս պատմում է, որ «մերոնք» կոչվող ծպտյալ հայերը ցերեկը բոլոր մուսուլմաննեի պես նամազ են անում, ծոմ պահում, իսկ երեկոյան իրենց տան գաղտնի մի անկյունում մեղքերի քավության համար աղոթում են Հիսուս Քրիստոսի պատկերի առջեւ:
Միջոցառմանը Քեմալ Յալչընը նշել է, որ Ադիյամանում կան ավելի քան 5 հազար «մահմեդականացված» հայեր, որոնք միմյանց «մերոնք» են անվանում եւ հատուկ օրերին զուտ համայնքի անդամների մասնակցությամբ կազմակերպում են առանձնահատուկ հավաքներ:
Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ այսօր Թուրքիայում քրիստոնյաների թիվը կլիներ 15 մլն, եթե չիրագործվեին ցեղասպանությունները: Վերջում Քեմալ Յալչընն ավելացրել է. «Պատմությունը երբեւէ չի ներել մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Ձեր վիշտը թող հիմք հանդիսանա մնայուն խաղաղության եւ արդարության համար: Եսՙ որպես թուրք գրող, հայերից եւ ասորիներից ներողություն եմ խնդրում»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ
«ԱԶԳ», 14-04-2011

No comments: