Wednesday, April 13, 2011

Դ. Բաբայան. Թուրքիան պետք է վերանայի իր պատմությունը

Panorama.am. 13-4-2011- «Կարծում եմ՝ սա ցույց է տալիս Թուրքիայի իրական դեմքը, որովհետև անհնար է խոսել հետևանքների մասին, եթե չենք փորձում լուծել բուն պատճառները: Բացի դա նույն Թուրքիան ունի Ցեղասպանություն գործելու հարուստ փորձ, ինչի արդյունքում միլիոնավոր մարդիկ սպանվել են, շատերն էլ դարձել փախստականներ: Բարոյական չէ նման հայտարարություններ հնչեցնելը»,- մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությւոնը, թե պետք է լուծել Ադրբեջանի օկուպացված տարածքների փախստականների հարց, իսկ մինչ այդ որևէ մեկը չպետք է խոսի անհանդուրժողականությունից՝ Panorama.am-ին հայտարարեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարություններից անմիջապես երևում է վերջինիս կողմնակալ մոտեցումը, ով նույնիսկ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ նրան հարց է տրվում որպես ԵԽ նախարարների կոմիտեի ղեկավարի:

«Երբ Թուրքիան մի քանի տասնամյակ է օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը և չի մտածում այնտեղ նախկինում բնակվող փախստականների վերադարձի մասին՝ բարոյական չէ խոսել նման թեմաներից: Եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է նման հարցերով, ապա նա պետք է նախևառաջ վերանայի իր պատմությունը և նոր հանդես գա տարատեսակ հայտարարություններով»,- ընդգծեց Դ. Բաբայանը:

No comments: