Saturday, April 9, 2011

ԿԻՊՐԱՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ԿԻՊՐՈՍԻՑ

«ԱԶԳ», 09-04-2011- Հույների հետ մերձեցումը սրում է թուրքիացի վերաբնակների հետ նրանց հարաբերությունները
Թուրքական զորքերը Կիպրոս են ներխուժել 1974-ի հուլիսին, գրավելով նրա հյուսիսային հատվածը, որը կղզու տարածքի 36,2 տոկոսն է կազմում: 1983-ի նոյեմբերի 15-ին գրավյալ հատվածում հռչակվել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»: Թեեւ ինքնագոչ այս հանրապետությանը Թուրքիայի հետ ճանաչել էր նաեւ Բանգլադեշը, սակայն ԱՄՆ-ի ճնշմամբ իսկույն չեղյալ է հայտարարել իր իսկ ընդունած որոշումը, ընդ որումՙ ճանաչելու հաջորդ օրը:
Նախքան թուրքական զորքերի ներխուժումը կիպրացի թուրքերը բնակչության 18 տոկոսն էին կազմում Կիպրոսում: Այս ցուցանիշը հյուսիսային հատվածում հասնում էր 24 տոկոսի: Այսինքնՙ 1974-ին, ինչպես հյուսիսային հատվածի «Ենի դուզեն» թերթի փետրվարի 9-ի համարում գրել է Օյա Բայդարը, շուրջ 150 հազար կիպրացի թուրքեր են բնակվել Կիպրոսում, որոնցից 40 հազարը թուրքական զորքերի ներխուժման հետ սկսել են հեռանալ կղզուց, բնակություն հաստատելով գլխավորապես Անգլիայում:
2006-ի մարդահամարի տվյալներով, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» բնակչությունը 245 հազար է: Քանի որ վերջին 15 տարիներին թուրքական հատվածում բնակություն հաստատող Թուրքիայի թուրքերը, միջազգային հակազդեցությունից խուսափելու նկատառումով, ընդհանուր առմամբ չեն գրանցվում, ուստի Բայդարը ենթադրում է, որ Հյուսիսային Կիպրոսի թուրք բնակչությունն ավելի քան 300 հազար է: Այդ ընթացքում շարունակվում է կիպրացի թուրքերի արտագաղթը:
Այլ կերպ, հակառակ կիպրացի թուրքերի թվաքանակի նվազմանը, Կիպրոսի հյուսիսային հատվածում վերաբնակեցման հետեւանքով անընդհատ աճում է թուրքիացիների թիվը, որոնք իրենց նոր սերունդով հանդերձ, ներկայումս թուրքական հատվածի բնակչության 2/3-ն են կազմում: Սա նշանակում է, որ թուրքական զորքերի Կիպրոս ներխուժման եւ կղզու հյուսիսային հատվածի օկուպացման թերեւս ամենաշոշափելի արդյունքը բնիկ կիպրացի թուրքերի թվաքանակի նվազումն է: Հիմք ընդունելով այս փաստը, Բայդարը Հյուսիսաին Կիպրոսը թուրքացնելու Թուրքիայի քաղաքականության ձախողման հետեւությունն է անում:
Ինչ վերաբերում է կիպրական հիմնահարցին, ապա դրա կարգավորումը ենթադրում է կարգավորող կողմի վերահսկողությունն Արեւելյան Միջերկրականում, Մերձավոր եւ Միջին Արեւելք ներթափանցման հեռանկարով: Մինչդեռ ԱՄՆ-ը, ունենալով տարածաշրջանում միանձնյա ռազմական ներկայություն, շատ խանդոտ վերաբերմունք է ցուցաբերում ներթափանցման դրսեւորումներին:
Դա պատճառ է դառնում, որ Կիպրոսում անհաշտ մրցակցություն ծավալվի ԱՄՆ-ի եւ Եվոմիության միջեւ: Թուրքիան, օգտագործելով մրցակցության հանգամանքը, հիմնահարցի կարգավորվածությունը Հյուսիսային Կիպրոսն իր սահմաններին կցելու նկրտումներով պայմանավորում է չկարգավորվածությամբ: Չնայած ՄԱԿ-ի 1974-ից ի վեր ընդունած ավելի քան 3200 որոշման, կղզին 37 տարի շարունակ մնում է մասնատված, ոչ միայն չի հաջողվում վերականգնել Կիպրոսի միասնականությունն ու նրա տարածքում տեղակայված թուրքական 40-հազարանոց զորքերի դուրսբերումը, այլեւ Թուրքիան ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններ վարելու պայմաններում կարողանում է հրաժարվել ճանաչելու եվրոպական այս կառույցի անդամ Կիպրոսի Հանրապետությանը:
Միջազգային ասպարեզում Հյուսիսային Կիպրոսը մեկուսացնելու, դրածո կառավարության, բանակի եւ բյուրոկրատիայի միջոցով կառավարման մեխանիզմները վերահսկելու, այդ մեխանիզմներից կիպրացի թուրքերին աստիճանաբար դուրս մղելու, կղզին թուրքիացիներով վերաբնակեցնելու պատճառներով Թուրքիայի նկատմամբ բուռն հակազդեցություն է առաջացել հյուսիսային հատվածում: Ինչպես Գյուների Ջիվաօղլուն էր գրել «Միլլիեթի» փետրվարի 10-ի համարում, հակազդեցության պայմաններում կիպրացի թուրքերը հետզհետե հեռանալով Թուրքիայից մերձեցել են հունական հատվածին, զուգահեռաբար սրվել են նաեւ նրանց հարաբերությունները վերաբնակների հետ:
Հյուսիսային Կիպրոսում կիպրացի թուրքերի հակազդեցությունն արտահայտվել է հունվարի 28-ին Նիկոսիայում «Արհմիությունների պլատֆորմի» կազմակերպած «Հասարակական գոյատեւման» հանրահավաքով, որին մասնակցել էր 25 հազար մարդ. մասնակիցները Թուրքիային եւ թուրքական բանակին նսեմացնող ցուցապաստառներ էին բարձրացրել:
Նույն վերնագրով եւ բովանդակությամբ երկրորդ հանրահավաքը կազմակերպվել էր մարտի 2-ին, իսկ ապրիլի 7-ին կազմակերպվեց հանրահավաքներից երրորդը, որի ընթացքում ցուցարարներն արդեն բախվել են ոստիկանության հետ, ինչպես թուրքական հատվածի խորհրդարանի, այնպես էլ Նիկոսիայի թուրքական հատվածում տեղակայված Թուրքիայի դեսպանատան առջեւ, նորից բարձրացնելով «Թուրքիա ս... եղիր Կիպրոսից» մակագրությամբ պաստառը: Մյուս պաստառներն ունեցել են «ֆաշիզմի դեմ ուս-ուսի», «Անկարա, ձեռքդ քաշիր մեր օձիքից», «ոստիկանական պետություն չենք դառնալու» մակագրությունները:
Ապրիլի 7-ին Նիկոսիայի թուրքական հատվածում կազմակերպված հանրահավաքի մասնակիցները, Թուրքիայում եւ Հյուսիսային Կիպրոսում հրատարակվող թերթերի վկայությամբ, հավաքվել են «Շեհիդների» հրապարակում, ապա շարժվել են դեպի մինչ այդ փշալարերով ոստիկանության պատնեշած «Հանրապետական Մեջլիս», «օկուպանտ Թուրքիա, ռադ եղիր Կիպրոսից» ցուցապաստառը ցուցարարից խլելու ոստիկանության փորձը բախումների պատճառ է դարձել:
Ցուցարարներն այնուհետեւ շարժվել են Թուրքիայի դեսպանատուն: Ցուցարարների մի խումբ փորձել է իջեցնել Թուրքիայի դրոշը, Կիպրոսի Հանրապետության դրոշով փոխարինելու նկատառումով: Պահակախմբին մի կերպ հաջողվել է կասեցնել այս խմբին: Այդ ընթացքում մեկ այլ խումբ դեսպանատան ցանկապատին ամրացրել է Կիպրոսի դրոշը, ինչը քաշքշուկի տեղիք է տվել: Այնտեղ հնչել են կիպրոսում տեղակայված թուրքական զորքերին նսեմացնող, Թուրքայի կառավարության, քաղաքական կուսակցություններին, պատգամավորներին եւ Մեջլիսին դատապարտող կարգախոսներ:
Ինչպես կարձագանքի Թուրքիան այս ամենին, դժվար է կռահել: Բայց որ թուրքական ամեն մի արձագանք կիպրացի թուրքերին էլ ավելի է հեռացնելու Թուրքիայից, նպաստելով հույների հետ նրանց հետագա մերձեցմանը, ակնհայտ է: Ավելի քան ակնհայտ է , որ այս մերձեցմամբ թուրքական հատվածում սրվելու են վերաբնակների հետ կիպրացի թուրքերի հակասությունները, եւ Թուրքիայի առջեւ աստիճանաբար ծառանալու է նաեւ կիպրացի թուրքերի հիմնահարցը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: