Saturday, April 9, 2011

Էրդողանը հրաժարվել է ընդունել Թեհրանի քաղաքապետին

Tert.am. 8-4-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է ընդունել օրեր առաջ այցով Ստամբուլում գտնվող Թեհրանի քաղաքապետ Մոհամեդբագիր Ղալիբաֆին։ Այս մասին են տեղեկացնում թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրանական Mahramanenews կայքը։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ թուրքական կառավարությունը նախապես դրական պատասխան էր տվել Թեհրանի քաղաքապետի՝ Էրդողանի հետ հանդիպելու ցանկությանը։ Իսկ երբ Ղալիբաֆին այցելել էր Ստամբուլ «Ասիայի քաղաքապետների 2-րդ ֆորումին» մասնակցելու նպատակով և ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ ցանկացել հանդիպել Թուրքիայի վարչապետի հետ, Էրդողանն առանց որևէ պատճառաբանության ուղղակի մերժել էր։
Թեհրանի քաղաքապետը տեղի ունեցածի առնչությամբ կոշտ հակազդեցություն է ցույց տվել Թուրքիայի իշխանություններին։ Իր մտահոգությունը հայտնելու համար Ղալիբաֆին նույնիսկ ասուլիս է կազմակերպել Ստամբուլում, որը, սակայն, գրեթե չի լուսաբանվել թուրքական լրատվամիջոցների կողմից։

No comments: