Thursday, April 14, 2011

Հայաստանի ղեկավարությունը վախենում է Սփյուռքից. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Tert.am. 13-4-2011- Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում ելույթով հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, ելույթից հետո Էրդողանը պատասխանել է նաև ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամի՝ հայ–թուրքական Արձանագրություններին և Կարսում հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամություն խորհրդանշող արձանի ապամոնտաժման հետ կապված հարցերին։
Ընդգծելով, որ թուրքական կողմը բազմիցս կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կատարել իր վրա դրված պարտականությունները, Էրդողանը հայտարարել է. «Եթե Մինսկի խումբը կատարի իր պարտականությունները, մենք կհասնենք խնդրի կարգավորմանը։ Իսկ իր պարտականությունը չիրականացնելու դեպքում լուծումը դժվարանում է։ Իմ երկրում 70 հազար հայ քաղաքացի է ապրում։ Ապրում են նաև 40 հազար հայեր, որոնք քաղաքացիներ չեն։ Մենք նրանց Հայաստան չենք ուղարկում, պահում ենք մեր երկրում։ Ցանկանանք՝ հետ կուղարկենք։ Նրանք մեր երկիր են եկել կարիքից ելնելով»։
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների մասին՝ Էրդողանն ակնարկել է, որ հայկական կողմն Արձանագրությունների հարցում վճռական քայլերի չի դիմում, որովհետև վախենում է հայկական Սփյուռքից։
«Հայաստանի ղեկավարությունը վախենում է Սփյուռքից։ Մենք որևէ մեկից չենք վախենում։ Եթե հայաստանյան իշխանությունները հաղթահարեն Սփյուռքի դեմ ունեցած վախը, ավելի հեշտ կլինի լուծել խնդիրը։ Մենք Հայաստանի նկատմամբ ատելություն չենք տածում»։

No comments: