Thursday, April 14, 2011

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՊԱԳԱ ՔԱԴԴԱՖԻՆ` ԼԻԲԻԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻ՞Ն

«ԱԶԳ», 14-04-2011- Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, «դրական դերակատարություն ունի տարածաշրջանում անվտանգության միջոցների ուժեղացման հարցում»: Սա հաստատապես չի կարող ներկայացվել որպես եվրոպական կառույցների կամ մեր տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրների ներկայացուցիչների գնահատական այն դեպքում, երբ այսօրինակ հայտարարությունը զուտ քարոզչական նպատակներով իր կիրառությունն ու կրկնությունն է գտնում Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի ելույթներում, ինչպիսին հանրությանը ներկայացվել է ապրիլի 12-ին, կառավարության նիստում 2011-ի առաջին քառորդի սոցիալ-տնտեսական զարգացումը:
Ռազմատենչ հայտարարությունների ու պատերազմի վերսկսման հավանականության հիմնական պատճառ հանդիսացող Ադրբեջանն, ի դեմս իր նախագահի եւ նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն, հայտարարում է, թե Ադրբեջանը «տարածաշրջանում կայունացման գործոն է»: Սա թերեւս անհանգստության առիթ պետք է տա հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրողներին, բայց երբ Ալիեւը փորձում է ՄԱԿ-ում իսլամական մեծամասնությամբ անցկացված բանաձեւերը համեմատության մեջ դնել Լիբիայի առնչությամբ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի ու դրա անհետաձգելիորեն իրագործման հետ, ապա տվյալ դեպքում կրթության պակաս չզգացած Ալիեւ կրստերն ի հայտ է բերում դասընթացներին իր մասնակցությունը չապահոված լինելու հանգամանքը, առնվազն:
Եթե հետեւենք ՄԱԿ-ի տրամաբանությանը Լիբիայի պարագայում, որտեղ ՄԱԿ-ն արձագանքեց հենց Լիբիայի բնակչության պահանջ-խնդրանքին, ապա Ադրբեջանի` իսլամական համերաշխության ընդունած բանաձեւերը որեւէ կերպ չեն առնչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ցանկություններին: Եվ այո, ճիշտ է Ալիեւ կրտսերը, երբ հայտարարում է, թե ՄԱԿ-ը կիրառում երկակի ստանդարտներ, քանի որ հենց նույն համեմատության մեջ Լիբիայի բնակչության խնդրանքին արձագանքող ՄԱԿ-ը խուլ է մնում ԼՂՀ բնակչության կոչերին արձագանքելու հարցում:
Ալիեւը հաստատապես տեղյակ է ՄԱԿ-ի կիրառած մեկ այլ ստանդարտային երկակիության մասին, սակայն երբեւէ այդ մասին չի հիշեցնում, հասկանալի պատճառներով: Խոսքը ՄԱԿ-ի հիմնական փաստաթղթերում տարածքային ամբողջականության` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հանդեպ հավասարություն չունենալու իրավիճակն է:
Դրա փոխարեն Ալիեւ կրտսերը սեփական մեկնաբանություններով է ադրբեջանական հանրությանն ու աշխարհին մատուցում հելսինկյան սկզբունքները, ընդ որում, դրանցից մեկի անընդմեջ խախտմամբ: Այն դեպքում, երբ հելսինկյան սկզբունքներից մեկը վերաբերում է ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառմանը, Ալիեւը կրկին սպառնում է «ադրբեջանական ժողովրդի համբերության վերջանալով»: «Հիմա կամ երբեւէ ԼՂ-ին անկախություն տրամադրելը անհնար է», հայտարարել է Ալիեւը, մոռանալով, որ ԼՂՀ-ին անկախություն տրամադրելու հարցում ինքն ուշացել է, հարցը մնացել է այդ անկախության փաստն ընդունելուն: Ալիեւը նաեւ հայտարարել է, թե այդ հարցը չի հանդիսանում ու չի էլ լինի բանակցությունների թեմա:
Ալիեւի հաջորդ դիտարկումն էլ է կաղում իր ճշմարտացիության ու իրականության հետ աղերսներ ունեալու հարցում: Ադրբեջանն, ի դեմս նախագահի, Հայաստանին մեղադրում է բանակցությունները ձգձգելու մեջ այն դեպքում, երբ այս կամ այն բանակցային իրավիճակներում վեր կենալու ու գործը կիսատ թողած փախչելու վարքագիծը վերջին շրջանում Ալիեւ կրտսերի հիմնական կեցվածքն է: Իսկ ինչ վերաբերում է ալիեւյան դատողություններին, թե ստատուս քվոն պետք է փոխվի միայն Ադրբեջանի կազմ վերադառնալու ուղղությամբ, ապա դրանք զուտ ցանկություններ են, քանի որ անկախության ուղուն կանգնած ԼՂՀ-ի համար վերադարձ չի կարող լինել:
Հատկանշական է, որ Ալիեւն այսպիսի հայտարարություններ է անում ու կրկնում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցով եղել են արդեն Երեւանում, հանդիպել են նաեւ ԼՂՀ նախագահի հետ ու քննարկում են օրակարգային հարցերը Ադրբեջանում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: