Saturday, April 9, 2011

Հ. Սահակյան. Լավ կլինի, որ Ալիևը «լարի» իր հիշողությունը կամ «թերթի Ադրբեջանի կարճատև պատմության էջերը»

Panorama.am. 8-4-2011- «Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով ոչ միայն իրեն, այլ իր երկրին է անհարմար դրության մեջ դնում: Տպավորություն է ստեղծվում, որ նա բժշկական միջամտության լուրջ կարիք ունի»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Բաքվում այս օրերին անցկացվող միջազգային ֆորումի ժամանակ անդրադառնալով իր երկրի անցած ուղուն՝ նշել է, որ Ադրբեջանը լուրջ խնդիրներ է ունեցել, քանի որ պատերազմ ու «օկուպացիա» է տեսել:
Պատգամավորը նշեց, թե ավելի լավ կլինի, որ Ադրբեջանի նախագահը «լարի» իր հիշողությունը կամ «թերթի Ադրբեջանի կարճատև պատմության էջերը»՝ տեսնելու, թե ինչո՞ւ և ո՞ւմ սանձազերծմամբ պատերազմական գործողություններ ծավալվեցին:
«Ի՞նչ է Ադրբեջանը մոռացել է, թե ինչպես 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին կրակ բացեց խաղաղ ժողովրդի վրա, էթնիկ զտումներ իրականացրեց Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում և բուն Արցախի տարածքում: Այսօր այդ երկրի ղեկավարն այնպես է խոսում պատերազմի մասին, կարծես որևէ մեկն անտեղյակ է, թե ո՞վ էր այդ դրա սանձազերծողը»,- ընդգծեց Հ. Սահակյանը:
Խորհրդարանականի խոսքերով, Ադրբեջանը պետք է համապատասխան հետևություններ անի իր անցյալից, զերծ մնա միջազգային իրավունքի նորմերը ոտնահարելու իր քաղաքականությունից:

No comments: