Saturday, April 9, 2011

Մեւլութ Չավուշօղլուն Ալիեւի մամուլի քարտուղա՞րն է

News.am. 9-4-2011- «ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի՝ Բաքվում արած հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ մենք գործ ունենք ոչ թե ԵԽԽՎ բարձրաստիճան չինովնիկի, այլ թուրք լոբբիստի կամ վատագույն դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մամուլի քարտուղարի հետ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ նա Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը մտադիր է ԵԽԽՎ քննարկման առարկա դարձնել։
«Իր նմանօրինակ պահվածքով Չավուշօղլուն ուղղակի վարկաբեկում է եվրոպական ինստիտուտներն ու արժեքները։ Համաեվրոպական շահերին հետեւելու փոխարեն նա լոբբի է անում թուրք-ադրբեջանական տանդեմը»,- նկատեց Զոհրաբյանը։
Նա նաեւ ասաց, որ անկախ նրանից Չավուշողլուն կշոշափի՞ Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը, թե` ոչ, ինքը մտադիր է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում բարձրաձայնել այդ մասին, սակայն բոլորովին այլ համատեքստում։ «Ես պետք է բարձրաձայնեմ Ադրբեջանի քաղավիացիայի վարչության ղեկավարի հայտարարությունը, ով սպառնում էր հարվածել Ստեփանակերտի օդանավակայան ուղեւորվող բոլոր օդանավերին։ Ես այդ հայտարարությունը կներկայացնեմ որպես տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիք, որպես ահաբեկչության փորձ»,- հայտարարեց Զոհրաբյանը։

No comments: