Wednesday, April 13, 2011

Իրանի կառավարությունն արգելել է լցավորել օտարերկրյա ուղևորատար ինքնաթիռները

Tert.am. 13-4-2011- Իրանի կառավարությունն արգելել է օտարերկրյա ուղևորատար ինքնաթիռները լցավորել Իրանի օդակայաններում։ Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում մի շարք եվրոպական նավթային ընկերություններ, մասնավորապես, բրիտանական BP–ն և Shell–ը, ավստրիական OMV–ն և ֆրանսիական Total–ը, հրաժարվել էին լցավորել Իրանի ինքնաթիռները։
Նրանք իրենց այդ որոշումը պատճառաբանել էին միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով։
Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ճիշտ է, Իրանի ինքնաթիռների լցավորման արգելք չեն նախատեսում, սակայն ԵՄ անդամ երկրների ընկերություններին արգելվում է էներգետիկ ոլորտում օգտագործման համար անհրաժեշտ սարքավորումներ և տեխնոլոգիաներ վաճառել Իրանին։ Իսկ ահա ԱՄՆ–ում տեղի ընկերություններին արգելված է վառելիք վաճառել իրանական փոխադրողներին։

2010 թ. դեկտեմբերին Իրանը դիմել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ խնդրելով հանել վերոնշյալ արգելքը։ Իսկ կազմակերպությունից Իրանին հայտնել էին, թե նման վեճերը կազմակերպության անդամների միջև պետք է ինքնուրույնաբար լուծվեն։

Երեկ Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց իրանցի 32 պաշտոնյաների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են իրանցի ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների ձերբակալման, հետապնդման, մարդու իրավունքների այլ խախտումների հետ։

Այդ պատժամիջոցներով արգելք է դրվում այդ պաշտոնյաների՝ ԵՄ երկրներ մուտքի վրա, ինչպես նաև սառեցվում են նրանց ակտիվները։ Եվրամիությունը, ինչպես նաև ԱՄՆ–ն, Իրանի կողմից միջուկային զենք մշակելու առնչությամբ, այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել։ Այդ պատժամիջոցները խստացվեցին 2010 թ. հոկտեմբերի 27–ին՝ ԵՄ խորհրդի նիստի ժամանակ։ Հոկտեմբերի 27–ի պատժամիջոցները խստացնում էին Իրանի համար սահմանափակումներն արտաքին առևտրի, ֆինանսական ոլորտներում, էներգետիկ սեկտորում և այլն։

No comments: