Thursday, April 14, 2011

Ակօսն» արգելված է թուրքական բանտերում

«HayNews.am. 14-4-2011- Պոլսում լույս տեսնող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի համարները, որոնք ուղարկվել են «Էրգենեքոնի» գործով վերջերս ձերբակալված հայտնի թուրք լրագրողներ Նեդիմ Շեներին և Ահմեթ Շըքին, նրանց չեն հասել: Այս մասին հայտնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը:
Վերջիններս այդ կապակցությամբ դիմել են բանտի ղեկավարությանը, որն էլ ձերբակալված լրագրողներին պատասխանել է, թե «Ակօսն» արգելված թերթերի շարքում է, այդ պատճառով էլ նրանց չի տրվում: Մասնավորապես, արգելքի պատճառ է հանդիսացել թերթում օտար լեզվով (հայերեն) հոդվածների առկայությունը:
Շըքն ու Շեներն այնուհետ բողոքով դիմել են Արդարադատության նախարարություն և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին, ինչից հետո միայն թույլատրվել է «Ակօսը» հանձնել կալանավորված լրագրողներին, այն էլ` շաբաթաթերթի հայերեն բաժինն ուսումնասիրելուց հետո:
«Դինքին սպանելով չհանգստացան, այժմ էլ «Ակօսն» են արգելում: Սա այս երկրում տեղի ունեցող ամենօրյա անօրինականությունների միայն մեկ օրինակն է»,-նշել են կալանավորված լրագրողները:
Նշենք, որ «Ակօս» շաբաթաթերթը, որի 24 էջերից 4-ը հայերեն է, 20-ը` թուրքերեն, լույս է տեսնում 1996 թվականից: Թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը 2007 թվականին Ստամբուլում սպանված Հրանտ Դինքն էր:

No comments: