Thursday, April 14, 2011

Չավուշօղլուն զբաղվել է պեղումներով, որպեսզի փրկի Էրդողանին հայ կին պատգամավորների հարցերից

Panorama.am. 14-4-2011- Ինչպես երեկ արդեն տեղեկացրել էինք, Panorama.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ նախապես հերթագրվել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանին հարց ուղղելու նպատակով, քանզի երեկ թուրք պաշտոնյան ելույթ ուներ վեհաժողովում: Անգամ նախապես ճշտել, որ ինքը հարց հնչեցնելու է 42 հերթագրված պատգամավորներից առաջին հնգյակի շրջանակում: Սակայն ավելի ուշ` Էրդողանի ելույթի ժամանակ պարզվել էր, որ իր ու հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի ելույթներն անհասկանալի կերպով տեղափոխվել էին, ինչն այդպես էլ հնարավորություն չընձեռեց հայ կին պատգամավորներին դիմել Թուրքիայի վարչապետին:
Նշել էինք նաև, որ այդ դեպքից հետո մեր պատվիրակության քարտուղարությունը դիմել էր վեհաժողովի քարտուղարությանը պաշտոնապես պարզելու, թե այդ ինչպե՞ս հերթագրված պատգամավորների հերթը փոխվեց և նրանք հայտնվեցին վերջին հորիզոնականներում:
§ԵԽԽՎ քարտուղարությունը պաշտոնապես հաստատել է, որ դա եղել է անձամբ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլու որոշումը¦,- Ստրասբուրգից Panorama.am-ին քիչ առաջ տեղեկացրեց Ն.Զոհրաբյանը:
Ըստ քարտուղարության պատասխանի, համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի C8 կետի, եթե վեհաժողովում լինում է հյուր-հրավիրյալ, ապա ԵԽԽՎ նախագահն իրավունք ունի անձամբ որոշելու հյուրին հարցեր ուղղելու համար ցուցակագրվածների հերթականությունը.
§Այլ կերպ ասած, քարտուղարությունը մեզ պատասխանեց, թե Չավուշօղլին օգտվել է կանոնակարգով իրեն ընձեռված այդ հնարավորությունից¦,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է կանոնակարգի հիշյալ կետին, ապա տիկին Զոհրաբյանը նշեց, որ ինքը, նախ, այդպիսի կետ չի հիշում և եթե նույնիսկ Չավուշօղլին օգտվել է դրանից, ապա քաղաքական առումով սա ուղղակի խայտառակություն է: Ինչն էլ նշանակում է մեկ բան` Չավուշօղլին ուղղակի վախեցել է հայ կին պատգամավորների հարցերից` ուղղված Թուրքիայի վարչապետին:
§Ակնհայտ է, որ Էրդողանին մեզանից պաշտպանելու համար կանոնակարգում §պեղել է¦ այդ դրույթն ու որոշել այն կիրառել հատկապես հայ պատգամավորների հանդեպ: Ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ի դեմս ԵԽԽՎ նախագահի գործ ունենք ոչ թե ԵԽ արժեքներն իր աշխատանքի հիմքում ընդունող գործչի, այլ թուրք պաշտոնյայի հետ, որը երեկ ամեն ինչ արեց, որ իր վարչապետը չընկնի հայ կին պատգամավորների ոչ ցանկալի հարցերի տակ: Ինչը, սակայն, նրան այդպես էլ չհաջողվեց¦,- հավելեց Ն.Զոհրաբյանը:

No comments: