Thursday, April 7, 2011

Թուրք պաշտոնյան Ֆրանսիային հորդորել է չվավերացնել Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

Panorama.am. 7-4-2011- Պաշտոնական այցով Փարիզում գտնվող Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը մասնակցել Ֆրանսիայի սենատում կազմակերպված օրենսդիրների համաժողովին, որին մասնակցել են ֆրանս-թուրքական բարեկամության խորհրդարանական խմբի անդամները ևս: Իր ելույթում Բաղըշն անդրադարձել է սոցիալիստների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը սենատի օրակարգ բերելու մտադրությանը: Նախազգուշացրել է, որ նման օրինագծի ընդունումը սենատի կողմից լրջապես կվնասի Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները:
Ըստ թուրքական «Cumhuriyet» պարբերականի` Բաղըշը հորդորել է, որ քաղաքական գործիչները չստանձնեն այն գործը, ինչը պատմաբանների անելիքն է: Նրա խոսքով` քաղաքական գործիչների խնդիրը ոչ թե անցյալը պարզելն է, այլ ապագան ձևավորելը:
Թուրք աստիճանավորը ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ Հայոց ցեղասպանության օրինագիծն ընդունելուց և փոխարենը ավելի ակտիվ դերակատարություն ունենալ ԼՂՀ հիմնախնդրում Մինսկի խմբի շրջանակներում:
Բաղըշը նաև նշել է, որ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի խորհրդականի հետ, ումից էլ տեղեկացել է, որ Սարկոզին դեմ է նման օրինագծի վավերացմանը սենատում:
Հիշեցնենք, որ Սոցիալիստական կուսակցությունը (ՍԿ) մայիսի 4-ին սենատի օրակարգ է բերելու Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն հետապնդելի համարող օրինագիծ: Այս մասին լուրը հաստատվել է սոցիալիստների խորհրդարանական խմբակցության կողմից: Եթե հիշյալ օրինագիծը սենատի հավանությանն արժանանա, ապա դա ենթադրում է, որ Հայոց ցեղասպանությունը Ֆրանիայի տարածքում ժխտողների համար նախատեսվում է 5 տարվա ազատազրկման և 45.000 եվրո տուգանքի պատիժ:

No comments: