Thursday, April 7, 2011

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՇԽԱՐՀ

«Լրագիր» 7-4-2011- Մենք ապրում ենք տղամարդկանց աշխարհում: Եթե նույնիսկ կանայք հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, դա տղամարդիկ են որոշում: Հենց նրանք են որոշում, թե քանի կին պետք է լինի նախընտրական կուսակցական ցուցակներում, ինչպես պետք է կինն իրեն պահի և ինչքան պետք է վաստակի: Իսկ քանի որ տերերը տղամարդիկ են, ապա սեփականության իրավունքը նույնպես նրանց է պատկանում: “ԱԺ-ն իրենից կախված ամեն ինչ անում է կանանց դերը բարձացնելու համար երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում: Հովիկ Աբրահամյանը նաև կոչ է արել հայ տղամարդկանց հոգատար վերաբերվել կանանց ոչ միայն տոնական օրերին, այլև կլոր տարվա ընթացքում”, գրում է մամուլը:
Ինչպես պարզվեց, ամուսնանալիս միայն հայ եկեղեցին է հարցնում կնոջը` «հնազա՞նդ ես», իսկ տղամարդուն` «տե՞ր ես»: Մյուս բոլոր եկեղեցիները երկուսին էլ հարցնում եմ «համաձա՞յն են արդյոք կնության կամ ամուսնության վերցնել»:

Հայաստանում շատերը դա համարում են բնական: Ելնելով կանանց և տղամարդկանց ֆիզիոլոգիական տարբեր գործառույթներից, մարդիկ արդարացիորեն գտնում են, որ գենդերային հավասարությունը միայն առասպել է: Հնարավորությունների հավասարությունը, իրոք, առասպել է, սակայն իրավունքների հավասարությունն իրական է: Եվ եթե տղամարդիկ գիտակցում են, որ կանայք իրենց հետ հավասար իրավունքներ ունեն, իսկ կանայք էլ գիտակցում են, որ տարբեր հնարավորություններ ունեն տղամարդկանց հետ համեմատած, հայտնվում է գենդերային ներդաշնակությունը:

Իսկ քանի դեռ տղամարդիկ ժամանակ առ ժամանակ «մեծահոգաբար» թույլատրում են կանանց օգտվել իրավունքներից, կանայք անհույս պայքարում են տղամարդկանց հետ հավասար հնարավորությունների համար:

Իրավիճակն աշխարհում ինչ-որ չափով փոխել է տեխնիկական առաջընթացը, որն արդեն հասել է նաև Հայաստան: Լվացքի մեքենաների հայտնվելը Հայաստանում կանանց լրացուցիչ ազատ ժամանակ է տվել և «հավասարության» զգացում: Լվացքի մեքենաները, սուպերմարկետները, ֆասթֆուդերը «օգնեցին» նաև տղամարդկանց: Շատերը կանանց մեջ դադարեցին տեսնել ընդամենը տնային տնտեսուհի, ընտանիքի մայր` սահմանափակելով կնոջ գործառույթները սեռական զուգընկերությամբ: Իսկ դա, իր հերթին, հանգեցրեց ընտանեկան կարգերի արժեզրկմանը, որոնք կառուցվում են տղամարդու ու կնոջ միջև աշխատանքի և պատասխանատվության բաժանման վրա: Երեխաների խնամքի համար սոցիալական արտոնությունները և վաստակելու հնարավորությունը տղամարդու և կնոջ բնական միությունից հանեցին ևս մեկ բաղկացուցիչ` պատասխանատվություն երեխաների համար:

Եվ ամեն դեպքում, տղամարդու և կնոջ միջև ֆիզիոլոգիական տարբերությունները ոչ ոք չի վերացրել: Միջին տղամարդու առաջին ռեակցիան միջին կնոջ հանդեպ նախկինի պես գրգռությունն է, իսկ երբ ինտելեկտը հաղթահարում է բնազդին, սկսում է այլ ընկալում: Դրանում ամոթալի ոչինչ չկա, որովհետև այդպես է ստեղծված բնությունը: Եվ դրանում է քաղաքակրթության էությունը` բանականության վերհակողության ուժեղացումը նախնական բնազդների նկատմամբ: Բնազդները կառավարելու ունակությամբ էլ դատում են քաղաքակրթության մակարդակի մասին:

«Ես ասել եմ, որ կանայք կիսամերկ չպետք է աշխատանքի գնան: Պետք է խիստ համազգեստ լինի: Եթե, օրինակ, կին փոխնախարարը քայլելու է կիսամերկ և արձակված մազերով, մեզ մոտ, Չեչնիայի Հանրապետությունում ոչ ոք չի կարող աշխատել: Այդ պատճառով ես ասում եմ. Կրեք ծնկներից ներքև շրջազգեստներ», ասում է Ռամզան Կադիրովը: Նա նույնիսկ ցույց է տվել, թե ինչ երկարություն նկատի ունի` ձեռքը հասցնելով մինչեւ ոտնաթաթ: «Կովկասցիները տաքարյուն տղամարդիկ են, որոնք առողջ ապրելակերպ են վարում: Այդ պատճառով, երբ կինը կիսամերկ է, մենք գրգռվում ենք», բացատրել է Կադիրովը:

Արևմուտքում երբեմն տեղի է ունենում խափանում` ինտելեկտը սպանում է բնազդին, և այդ ժամանակ խախտվում է բնական ներդաշնակությունը: Հայաստանի դեպքում, կարծես թե, մոտենում ենք հավասարության նշանին, երբ ինտելեկտը չի ճնշում, այլ ընդամենը վերահսկում է բնազդը: Եվ կարևոր է չանցնել սահմանը:

Շնորհավոր մայրության և գեղեցկության տոնը:

No comments: