Thursday, April 7, 2011

ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԳԵՆՏԻԱՆՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԱԴԵՊ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԵԼՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 1915 -ԻՑ 1923 թթ. ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ

Պատմական պահ է: Եւ պատահական չէ, որ Արգենտինայի մայրաքաղաքը` Բուենոս Այրեսն է հանդիսանում` այս անցքի հիմնական բեմահարթակը, իսկ որպես արդարության պահանջատեր առանցքային դերակատարներ` Հայրապետյան Հաստատությունը, հայ համայնքի հաստատություններն ու բազմաթիվ կանայք ու տղամարդիկ, որ իրենց համերաշխությամբ մեծապես նպաստել են այս պատմական փաստին:

Այս օրը` 2011 թվականի Ապրիլի 1-ն է ընդմիշտ գրանցված կմնա մեր հիշողություններում, երկրի պատմության մեջ` ընդհանրապես և հայ համայնքի` մասնավորապես, քանզի տեղական ժամանակով ժամը 13:30 Կոմոդորո Պի Արդարադատության Պալատի (Տրիբունալես) ՙԱ՚ դահլիճում դատավոր Նորբերտո Օյարբիդեն ներկայացավ հրապարակայնորեն հայտարարելու իր եզրակացության մասին, որին հանգել էր ավելի քան մեկ տասնամյակ տևած դատական մանրակրկիտ, բազմակողմանի հետաքննությունից հետո:

Երբ իր վերջին օրերն էր ապրում 20-րդ դարը, իրավաբան Գրեգորիո Հայրապետեանն ու նրա ընտանիքը Արգենտինայի արդարադատության առջև հայց էին հարուցում ընդդեմ Թուրքիայի կառավարության, պահանջելով հայտնել, թե ինչ է պատահել իրենց նախնիներին, որոնք դարասկզբին բռնի կերպով տեղահանվել են իրենց պապենական հողից, աքսորվել ու այլևս ոչինչ հայտնի չի նրանց մասին:

Ճշմարտության իրավունքի վրա հիմնված դատական գործը վերցնում է դատավոր Օյարբիդեն և սկսում հետաքննությունը` խնդրագիր ներկայացնելով ավելի քան 20 պետությունների ուղարկել խնդրո առարկա ժամանակահատվածին վերաբերող այն արխիվներն ու փաստաթղթերը, որ կարող էին նպաստել կատարվածի վերաբերյալ ճշմարտության բացահայտմանը:

Եղան պետություններ, որ մերժեցին համագործակցել, եղան պետություններ, որոնք ժխտելով հանդերձ որպես Ցեղասպանություն որակել հայ ժողովրդի ապրածն` այնուամենայնիվ բաց արեցին իրենց արխիվները և թույլ տվեցին, որ շատ, մինչ այնմ անհայտ փաստաթղթեր, մաս կազմեն դատական գործի, դառնալով վերջնական եզրակացության հիմնական հենակետերից մեկը:

Այստեղ` Արգենտինայում, դատավորը հնարավորություն է ունեցել լսելու կատարածներից փրկված տասնյակից ավելի անձանց այն տարիներին կրած տառապանքների մասին պատմությունները:

Այսպիսով, արժե նշել երկրիս հայ համայնքի կարևորագույն հաստատությունները միացան Լուիզա Հայրապետեան հաստատության քայլին, մասն դառնալով հայցվոր կողմին:

Տարիներ անցան, սակայն հավաքված ապացույցները դեռ բավարար չէին որպեսզի դատավորը տար իր վերջնական կարծիքը: Փաստաթղթերի առաքման, դրանց թարգմանությունների և իսկությունների հաստատման համար պահանջվող ժամանակը թերևս ուշացման հիմնական պատճառն էին:

Սակայն վերջապես հասավ այդքան սպասված օրը:

Եւ մեր համայնքը, նախաձեռնությամբ մի ընտանիքի, որ սերտորեն կապված է հանուն արդարության ու Մարդու Իրավունքների լիարժեքության, հանուն նոր` առանց շահագործողների ու շահագործվոսղների, հասարակարգի պայքարին, մասն դարձավ պատմական մի իրադրության, որ մեր վաղեմի պայքարի պատմության մեջ կնշանավորվի որպես ՙնախքան՚-ը և ՙհետո՚-ն առանձնացնող կարևորագույն կետ:

Երբ ժամը 13:30 դատավոր Օյարբիդեն մտավ Արդարադատության պալատի ՙԱ՚ սրահը, այն արդեն ամբողջապես զբաղված էր Լուզա Հայրապետեան հաստատության անդամներով, տեղիս հայ համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներով, լրագրողներով ու մեկնաբաններով, օրենքին ծառայող տղամարդկանցով ու կանանցով, Մարդու Իրավունքների պաշտպաններով:

Իշխող լռությունն այլ բան չէր, տարիներ շարունակ թաքնված ցավի, վշտի ու տառապանքի և տասնամյակների անկոտրում պայքարի մի խառնուրդ:

Դատավորը կարդաց շարադրվածքի էական պարբերությունները: Մի քանի անգամ դադարեցրեց ելույթը հաղթահարելու համար հույզերը, որ դուրսո էին հորդում փաստաթղթում թվարկված հայ ժողովրդի կրած տառապանքների նկարագրություններն ընթերցելիս:

Դատավորն ակնհայտորեն հուզված էր, մեջբելով Եղեռնը վերապրողներից մեկի խոսքերը, որ այն եղեռական օրերին ընդամենը 3 տարեկան է եղել. ՙԱյս հայցը որևէ նյութական պահանջ չի ներկայացնում, այլ միայն հնարավորություն ասելու մեր պապերին ու ծնողներին, որ 95 տարի հետո մենք չենք մոռացել նրանց ու շարունակում ենք պայքարել մինչև հասնենք արդարության՚:

Ժամը 14:05 դատավոր Նորբերտո Օյարբիդեն հայտարարեց.

Որոշում եմ.

1. Հիմնվելով ներկա` հայցվոր Գրեգորիո Հայրապետեանի հարուցած No 2.610/2001 դատական գործի հետքննության արդյունքների, վերը նշված պայմաններն ու դրանց նպատակների ուսումնասիրության վրա, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, որ Թուրքիա պետությունը 1915 -1923 թթ. ՁԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՀԱՆՑԱՆՔ է գործել Հայ ժողովրդի դեմ՚:


Դատավոր Օյարբիդեն հերթականորեն ներկայացրեց բանաձևի մնացած կետերը, սակայն ներկաները, որոնց աչքերը լցված էին, չէին կարողանում զսպել իրենց հոգիներից դուրս ժայթքող կրակը:

Պայթեցին բուռն ծափահարություններն ու դրանց հետևեցին ներկաների հուզված գրկախառնությունները Հայրապետեան ընտանիքի, ի դեմս իրավաբան Գրեգորիո հայրապետյանի, նրա դուստր Բեատրիսի և թոռան` Ֆրեդերիկի, և հայ համայնքի տարբեր կազմակերպությունների ու նրանց լրատվական միջոցների ներկայացուցիչների միջև:

Մի Արգենտինայում, որտեղ ցույց է տրվում, որ անցյալի ողբերգություւների հարցի փակման միակ ճանապարհը արդարության հաստատումն է, մեղավորներին պատժելը, այս դատավճիռը ոչ այլ ինչ է եթե ոչ մարդու Իրավունքների բնագավառում երկրի հեղինակության բարձրացնող ևս մեկ քայլ:

Եւ մենք, ծագումով հայ արգենտինացիներս, կարողացել ենք ավազի մեր համեստ հատիկն ավելացնել անարդարության ու անպատժելիության դեմ մեր ժողովրդի մշտական պայքարին:

No comments: