Thursday, April 7, 2011

Կիպրոսի թուրքական հատվածում փորձել են պայթեցնել լրագրողին

Tert.am. 6-4-2011- Կիպրոսի թուրքական հատվածում հերթական հարձակումն է իրականացվել լրագրողի դեմ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթել է Կիպրոսում հեռարձակվող Kanal T հեռուստաալիքի ղեկավարներից Մութլու Էսենդեմիրի մեքենայում տեղադրված ռումբը, ինչի հետևանքով Էսենդեմիրը թեթև մարմնական վնասվածք է ստացել ոտքի շրջանում։
«Մեքենայի դուռը բացելուն պես՝ հզոր պայթյուն տեղի ունեցավ, որից հետո ուժեղ ցավ զգացի ոտքիս շրջանում… Տեղի ունեցածը բնութագրում եմ որպես հարձակում մամուլի ազատության դեմ»,– ասել է Էսենդեմիրը, ով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ հարձակում էր իրականացվել Կիպրոսի թուրքական հատվածում հրատարակվող «Աֆրիկա» թերթի խմբագրության շենքի դեմ։ Անհայտ անձինք կրակել էին խմբագրատան մուտքի դռան վրա և թողնելով սպառնալիքներ բովանդակող մի նամակ՝ հեռացել։

No comments: