Thursday, April 7, 2011

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԸ, ԲԱՔՈՒՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

«ԱԶԳ, 07-04-2011- Ապրիլի 1-3-ը Ստեփանակերտում են եղել «Հյուսիսային Կիպրոսի» ինքնահռչակ թուրքական հանրապետության ներկայացուցիչները, կոնկրետ` «Հանրապետական» կուսակցության ղեկավարը, Լեքֆոշ համայնքի նախկին ղեկավարը, «Հյուսիսային Կիպրոսի» գործարարների միության նախագահը եւ Մարդու իրավունքների հիմնադրամի ղեկավարը: Նրանք մասնակցել են ԼՂՀ մայրաքաղաքում կազմակերպված քննարկմանը: Անշուշտ, այս հատկանշական իրադարձությանը չէր կարող չանդրադառնալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը . «Մենք համապատասխան հարցում ենք անցկացրել, սակայն մինչեւ այժմ պատասխան չենք ստացել: Եթե Հյուսիսային Կիպրոսի պատվիրակների այցելությունը ԼՂ հաստատվի, ապա նրանք տեղ կգտնեն Ադրբեջանի համար «անցանկալի անձանց» ցուցակում: «Հյուսիսային Կիպրոսում» գտնվող Բաքվի ներկայացուցչությունը, սակայն, այցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում իր ափսոսանքն է հայտնում հյուսիսկիպրոսցիների` Ստեփանակերտ կատարած այցի կապակցությամբ: Այս ամենը (հատկապես «Հյուսիսային Կիպրոսի» պատվիրակների այցը ԼՂՀ) հատկանշական լինելուց զատ, սովորական, շարքային տեղեկություն է` Բաքվի արձագանքի առումով: Միակ ուշագրավ փաստն այն է, որ Բաքուն փաստորեն չընդունելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, չհաշտվելով ԼՂՀ փաստացի գոյությանը` խուսափելով վերջինիս ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցություններից, ներկայացուցչություն ունի չճանաչված «Հյուսիսային Կիպրոսում», ճիշտ է` «հասկանալի-եղբայրական» պատճառներով:

No comments: