Thursday, April 7, 2011

«Երկիր» օրաթերթի գույքի վրա արգելանք է դրվել. խմբագիրն օլիգարխներին խորհուրդ է տալիս լվացվել ու սանրվել

Tert.am. 6-4-2011- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշմամբ՝ «Երկիր» օրաթերթի գույքի վրա արգելանք է դրվել և գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին որոշումը թերթի խմբագրությունը փոստով ստացել է այսօր։
Արգելանքը դրվել է ԱԺ պատգամավոր, գինի և կոնյակ արտադրող «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի հայցի հիման վրա։ Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դարտարան ներկայացրած հայցով պատգամավորը թերթից պահանջում է ավելի քան 3 մլն դրամ՝ իր պատիվն արատավորելու համար։ Արզաքանցյանը գտնում է, որ թերթը «131 դեմք ու դիմակ» խորագրով հոդվածում վիրավորական արտահայտություններ է արել իր հասցեին։
Նշենք, որ այդ հոդվածում Արզաքանցյանը անվանվել է «ստիլյագա», «քյավառա բարբառով խոսող», «ինքնաթիռով գեղեցկուհիներ տանող-բերող», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունեցող»։ Հոդվածում մեջբերվել են նաև նախկին վարչապետ, Երևանի կոնյակի գործարանի նախկին փոխտնօրեն Հրանտ Բագրատյանի հետևյալ խոսքերը. «Այդ լակոտը իր արտադրած կոնյակով խայտառակում է Հայաստանը Ռուսաստանում»։
«Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նման քայլերով փորձ է արվում սահմանափակել ազատ խոսքի իրավունքը։
«Հարցն այն է, թե ի՞նչ տիպի հասարակություն ենք մենք ուզում։ Եթե ուզում ենք ճահճացող հասարակություն, որում ոչ մի բան չի կատարվում, կարելի է գնալ այդ ճանապարհով։ Բայց եթե ինքնամաքրման համակարգ ենք ուզում, էդ դեպքում, էդ օլիգարխները, հասարակական գործիչները պետք է մի քիչ հանդուրժող լինեն»,- նշեց նա։
Բագրատ Եսայանի խոսքով՝ թերթերի էջերում չհայտնվելու համար հասարակական գործիչները պետք է հետևեն իրենց պահվածքին և ոչ թե «թերթերին դատի տալով փորձեն հասարակության բերանը փակել»։
«Հասարակությունն ամեն ինչ տեսնում է, թերթը հասարակության հայելին է։ Պետք է ոչ թե հայելին կոտրել, այլ լվացվել, սանրվել և տեսքը կարգի բերել։ Ես նման մարդկանց խորհուրդ եմ տալիս կարդալ ծուռ հայելիների թագավորության մասին հեքիաթը»,- ընդգծեց թերթի խմբագիրը։
Հիեցնենք, որ մի քանի օր առաջ, Ռոբերտ Քոչարյանի հայցի հիման վրա, դատարանի որոշմամբ արգելանք էր դրվել նաև «Հրապարակ» օրաթերթի բանկային հաշիվների վրա։

No comments: