Saturday, April 9, 2011

Թուրք ոստիկանները գետնին քարշ են տվել քուրդ պատգամավորին

Tert.am. 8-4-2011- Այսօր Դիրաբեքիրում հերթական բախումն է տեղի ունեցել թուրք իրավապահների և տեղի քուրդ բնակիչների միջև։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուրբաթօրյա նամազից հետո քրդերը, քաղաքացիական անհնազանդության միջոցառումների շրջանակում, «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավորների գլխավորությամբ ցանկացել են վրան խփել Դիարբեքիրի Դաղքափը հրապարակում։ Ոստիկանները սակայն արգելել են և պահանջել են ցրվել։
Քրդերը, անտեսելով իրավապահների պահանջը, փորձել են,այնուամենայնիվ, տեղադրել վրանը։ Այդ պահին ոստիկանները մոտեցել են «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Բենգի Յըլդըզին և պահանջել իրենց տալ վրանի տեղադրման համար նախատեսված երկաթյա ձողը։ Քուրդ խորհրդարանականը մերժել է, որից հետո իրավապահները փորձել են բռնի ուժով խլել այն։ Ոստիկանները երկաթից կառչած քուրդ խորհրդարանականին հրապարակում այնքան են քարշ տվել, մինչև նա բաց է թողել ձողը։
Կատարվածը լցրել է քրդերի համբերության բաժակը և կատաղի ծեծկռտուք է սկսվել իրավապահների ու հավաքվածների միջև։ Բախման ընթացքում քրդերը նույնիսկ կոտրել են ոստիկաններից մեկի քիթը։ Իրավապահները քրդերին ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել։

No comments: