Thursday, April 14, 2011

ՇԱԳԱՆԱԿՆԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՁԵՌՔՈՎ

«Լրագիր» 14-4-2011- Մարտի 1-ի իրադարձությունների մարդկային եւ քրեա-իրավական հետեւանքները կարծես թե միարժեք են եւ ենթակա չեն բանավեճի` այդ իրադարձությունները մարդկային ողբերգություն էին տասը ընտանիքների` նրանց հարազատների, բարեկամների, ընկերների համար, ինչպես նաեւ հանցագործություն էին պետության եւ ժողովրդի դեմ, որի մեղավորները պետք է բացահայտվեն եւ ենթարկվեն պատասխանատվության:
Իսկ ահա մարտի 1-ի քաղաքական հետեւանքների հարցը, հատկապես ներիշխանական ճամբարում, ակնհայտորեն գտնվում է հարաբերական տիրույթում, եւ այստեղ թերեւս ոչ միայն չկա միարժեք հետեւության բավարար հիմք, այլ թերեւս հավասարապես` կամ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, տեղ ունեն տարաբնույթ դիտարկումներ ու վարկածներ այդ քաղաքական հետեւանքի մասին:

Մասնավորապես, վերջին օրերին աշխուժացած այդ թեմայով արդեն իսկ դիտարկվել են այն վարկածները, որ մարտի 1-ն ամենից քիչն էր ձեռնտու կամ ընդհանրապես ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին: Այստեղ իհարկե ձեռնտու արտահայտությունը թերեւս նույնպես հարաբերական է, որովհետեւ դժվար է պատկերացնել, գոնե մարդկայնորեն, որ ինչ որ մեկին ընդհանրապես կարող էր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ձեռնտու լինել քաղաքի կենտրոնում տասը մարդ գնդակահարելը:
Բայց, թերեւս հասկանալի է, որ ձեռնտու կամ ոչ ձեռնտու ասելով, իրադրության տարբեր դիտարկումների մասնակիցները նկատի ունեն ընդհանուր լարվածությունն ու Հայաստանի նախագահի ընտրությունից հետո ստեղծված հետընտրական լարված վիճակի ուժային հանգուցալուծումը: Ուրեմն, արդյոք դա ամենից քիչը Սերժ Սարգսյանին էր ձեռնտու, կամ արդյոք նրան դա ընդհանրապես ձեռնտու չէր: Ինչ խոսք, միանգամայն հիմնավոր են այն դիտարկումները, որ Քոչարյանն ուժային հանգուցալուծումով փորձեց օգտվել առիթից եւ թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը լինի ինքնուրույն եւ ուժեղ նախագահ, այլ կախվածության մեջ լինի մարտի 1-ից:
Բայց, մարտի 1-ի ժամանակ կամ հետագայում դրա շուրջ տեղի ունեցած ներիշխանական մտախմորումները կարող էին լինել բազմավեկտոր եւ բազմաշերտ:
Օրինակ, որպես հնարավոր տարբերակ արդյոք պետք է բացառել հակառակը, որ մարտի 1-ով իրականում հենց Ռոբերտ Քոչարյանն է կախման մեջ ընկել Սերժ Սարգսյանից: Արդյոք մարտի 1-ը Սերժ Սարգսյանի ձեռքին Քոչարյանին սանձելու գործիք կամ լծակ չէ: Չէ որ գնալով ուժային լուծման, Ռոբերտ Քոչարյանը հանգուցալուծեց որոշակիորեն անորոշ հեռանկարով իրադրությունը` որոշակի դարձնելով Սերժ Սարգսյանի նախագահությունը: Իսկ դրան էլ զուգահեռ, նա փաստացի կրեց պատասխանատվություն մարտի 1-ի համար, որը Սերժ Սարգսյանը կարող է ցանկացած պահի խաղարկել, եթե Քոչարյանը “անպատասխանատվություն” դրսեւորի ներիշխանական պայմանավորվածությունների հարցում եւ ներկայացնի “տարաժամկետ” իշխանական հավակնություններ:
Այստեղ կարող է լինել այն պատասխանը, թե մարտի 1-ը չի կարող Սերժ Սարգսյանի համար լինել Ռոբերտ Քոչարյանին իրենից կախվածության մեջ պահելու եւ նրա գործողությունները վերահսկելու գործիք, քանի որ Քոչարյանն էլ այդ դեպքում կարող է մարտի 1-ին Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը առաջ քաշել տարբեր փաստերի տեսքով: Գուցե: Բայց, եթե կան այդ պատասխանատվության մասին փաստեր, ուրեմն կա պատասխանատվություն: Հետեւաբար եղել է դրա կարիքը, որ Սերժ Սարգսյանը գնացել է այդ պատասխանատվության: Հետեւաբար Սերժ Սարգսյանին էլ պետք եղել է ուժային հանգուցալուծումը:
Այլ բան է, որ նա գուցե դրանում չի ունեցել անմիջական “հրամանատարա-շտաբային” աշխույժ մասնակցություն` թեեւ դժվար է հավատալ, եթե խոսքը երկրի վարչապետի, պաշտոնապես ընտրված նախագահի եւ խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի առաջնորդի մասին է, այլ եղել է ընդամենը դիտորդի դերում: Բայց բանն էլ հենց այն է, որ նա գուցե չի էլ ընդդիմացել եւ դիսկոմֆորտի զգացում չի էլ ունեցել այդ դերից եւ հնարավոր ողբերգության ծավալման հեռանկարից: Հաշվարկը կարող էր լինել այն, որ Քոչարյանը կրակից շագանակներ կհանի Սերժ Սարգսյանի համար. ընդդիմության բողոքը կկոտրվի, Քոչարյանի ձեռքերն էլ կայրվեն, իսկ շագանակները կտնօրինի Սերժ Սարգսյանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: