Thursday, April 14, 2011

«Մեկ ազգ, մեկ մշակույթը» լուծարման եզրին է. Թամար Պողոսյանը մեղադրում է սփյուռքի նախարարին

Tert.am. 13-4-2011- «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյան այսօր լրագրողների հետ հանդիպմանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մեղադրեց փողերի լվացման, ինքնուրույն որոշումների կայացման մեջ, հերքեց իրեն ուղղված այն մեղադրանքները, թե իր հարազատներին բարձր հավելավճարներ է հատկացրել: «Մենք արդեն լուծարման եզրին ենք, բայց ես բարոյապես ուզում եմ այս խնդիրը ավարտել, ինչքան որ ռեսուրս ունենք»,- ասաց Պողոսյանը։
Նա նշեց, որ 2009-ին Սփյուռքի նախարարությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձել կառավարության կողմից հաստատված կանոնադրության խախտումով, հետևաբար սփյուռքի նախարարի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը ևս կանոնադրության խախտում է:
Թամար Պողոսյանը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է 2010թ. դեկտեմբերին, երբ Սփյուռքի փոխնախարարը զանգահարել է իրեն ու հայտնել, որ դեկտեմբերի 28-ին պետք է գումարվի հոգաբարձուների խորհրդի նիստ, ներկայացվի տարեկան հաշվետվություն, 2011-ի ծրագրերը և անելիքները: Պողոսյանն ասել է, որ ինքը դեմ է եղել հապշտապ նիստ գումարելուն՝ հաշվի առնելով, որ տարին դեռ չի ավարտվել, հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով ներկայացնելու համար դեռ ժամանակ կա, սակայն առաջարկը չի ընդունվել: Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ իրենք ամբողջ անձնակազմով սկսել են պատրաստվել առաջիկա նիստին։ Արդյունքում, ըստ Պողոսյանի, գերլարվածությունից ու սթրեսից ինքը հիվանդացել է և 1,5 ամիս բուժվել հիվանդանոցում։
Դեկտեմբերի 28-ին կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է Հրանուշ Հակոբյանը, ով, ըստ Պողոսյանի, հայտարարել է, թե խոսել է բժշկի հետ և պարզել, որ Պողոսյանի մոտ «ոչ մի լուրջ բան չկա»։ Նախարարը նշել է, թե Պողոսյանն ընդամենը փախել է պատասխանատվությունից, «ճիշտ է արել, 5 մլն դրամ դրել է իր և իր հարազատների վրա»:

Այդ նիստի ժամանակ, ըստ հիմնադրամի նախագահի, բյուջեից հիմնադրամի աշխատակազմի համար տրամադրվող 18 մլն 606 հազար դրամից 12 մլն 700 հազար դրամը որոշվել է որպես աջակցություն հատկացնել այլ կազմակերպությունների, որոնք, ըստ Պողոսյանի, հոգաբարձուների խորհրդի անդամների ղեկավարած կազմակերպություններն են: Դրա արդյունքում՝ ամսական աշխատավարձի բյուջեն հավասարվում է մոտ 300 հազարի, նախկին 1 մլն-ի փոխարեն:
Մի քանի օր հետո սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը զանգահարում է Թամար Պողոսյանին, ասում, որ անհապաղ պետք է որոշումը կատարվի և նոր հաստիքացուցակ ներկայացվի: Թամար Պողոսյանը պատասխանում է, որ ինքը հիվանդանոցում է, չգիտի՝ ինչ որոշում է կայացվել, բացի այդ՝ հաստիքացուցակները չի կարող միանգամից կրճատել, ազատելու դեպքում էլ վերջնահաշավարկ պետք է արվի:
Թամար Պողոսյանը, փետրվարի 1-ին աշխատանքի գնալով, դիմում է գրել, որպեսզի որոշումը վերանայվի ու անվավեր համարվի, մինչդեռ Հակոբյանը պատասխանել է, որ անվերապահորեն պետք է կատարել այն՝ առանց բանակցության:
Ըստ Պողոսյանի՝ հիմնադրամը համագործակցել է Սփյուռքի նախարարության հետ զուտ իրավապայմանագրային հիմքով. ստորադաս-վերադաս հարաբերություններ գոյություն չունեն։ Այնինչ, ըստ նրա, Հրանուշ Հակոբյանի` հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալով հարաբերությունները դրվում են հենց այդ հարթության վրա. մի շարք ծրագրեր տրամադրվում են տարբեր կազմակերպությունների` իրականացման համար, ինչը նշանակում է, որ ծախսերը 20 տոկոսով ավելանում են: Սա, ըստ Թամար Պողոսյանի, փողերի լվացման մեխանիզմ է, ինչի համար էլ ինքը, որպես հիմնադրամի գործադիր տնօրեն, հրաժարվել է ստորագրել այդ պայմանագրերի ներքո: «Դրանով քանդվեց նախարարության փողերը լվանալու ամբողջ սխեման»,- ասաց նա:
Պողոսյանը նշեց, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը իբր կանոնադրական գործառույթների ուսումնասիրություն է իրականացրել հիմնադրամում, սակայն իրականում ֆինանսական ստուգումներ են կատարվել, իսկ ակտում տեղ են գտել Սփյուռքի նախարարության կողմից ներկայացված տվյալները:

Թամար Պողոսյանը հայտնեց, որ դիմել է դատախազություն` նշելով, որ հիմնադրամի գործունեությունը հայտնվել է ֆինանսական փակուղու մեջ, և այդ վիճակը ստեղծվել է Սփյուռքի նախարարության կողմից։ Նա դատախազությանը խնդրում է միջամտություն գործը փակուղուց հանելու և հիմնադրամի գործունեությունը իրավական դաշտ բերելու հարցում:
«Հիմա կհարցնեք ի՞նչ ակնկալիք ունեք: Ոչ մի ակնկալիք, ժողովուրդ ջան, գլուխս առած՝ ըսենց գնում եմ՝ իմանալով, որ պատ է: Ինչքան կգնամ՝ կգնամ, բայց ինչ-որ մեկը պետք է իմանա, թե էս խոհանոցում ինչ է կատարվում»,- ասաց Թամար Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թևոս Ներսիսյանը հիմնադրամի բյուջեի բաշխման առթիվ «Հրապարակ» թերթին ասել էր. «Եթե բացեք օրենքը հիմնադրամների մասին, էնտեղ էդպիսի բան չկա, որ պետությունը հիմնադրամին գումար տա: Հիմնադրամը դրա համար էլ հիմնադրամ է, որ ինքը կարողանա հայթայթել միջոցներ և կարողանա իրականացնել տարբեր ծրագրեր: Այն, որ պետությունը գումար է հատկացնում, աշխատավարձի համար չի հատկացնում, ծրագրերի համար է հատկացնում: Իսկ էդ հատկացված գումարը մարդիկ վերցնում են, դնում են գրպանները»:

Պողոսյանի այն մեղադրանքին, թե հիմնադրամի միջոցները նախարարը փորձում է խլել եւ իր նպատակներին ծառայեցնել, Թևոս Ներսիսյանը հակադարձել էր. «Դրանք հիմնադրամի միջոցները չեն, պետության միջոցներն են, որոնք տրամադրված են ծրագրերի համար: Հիմնադրամը ծրագրեր չի իրականացնում, ու էդ միջոցները փոխանցված են ՊՈԱԿ-ին, որը դրանք իրագործում է»:

No comments: