Wednesday, April 13, 2011

ԱՄՆ-ը ողջունում է ԵՄ պատժամիջոցները Իրանի պաշտոնյաների դեմ

Tert.am. 13-4-2011- ԱՄՆ-ը ողջունում է իրանցի 32 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ որոշումը, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Ջեյ Քարնիի հայտարարությունը։
Լյուքսեմբուրգում երեքշաբթի օրը տեղի ունեցած ԱԳ նախարարների նիստին ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել Իրանի ղեկավարության 32 պաշտոնյաների նկատմամբ՝ մեղադրելով նրանց Իրանում մարդու իրավունքների խախտման մեջ։
Պատժամիջոցները ներառում են իրանցի պաշտոնյաների հաշիվների սառեցում, ինչպես նաև արգելվում է նրանց մուտքը Եվրամիության երկրներ։
«Մենք ողջունում ենք ԵՄ որոշումը իրանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Իրանում մարդու իրավունքների խախտման համար։ Սա կարևոր հիշեցում է Իրանին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մասնակից են իրանցի ժողովրդի իրավունքների խախտմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Մինչ այդ ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը խոր անհանգստություն էր հայտնել Իրանում մարդու իրավունքների իրավիճակի շուրջ, որը, նրա խոսքերով, գնալով վատանում է։ ԵՄ-ը, մասնավորապես, վճռականորեն դատապարտում է կախաղանները, ճնշումները Իրանի քաղաքացիների, լրագրողների, բլոգերների, իրավաբանների, իրավապաշտպանների, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաև ընդդիմության նկատմամբ։

No comments: