Wednesday, April 13, 2011

ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԱՑ ՊԱՏՈՒՀԱՆԸ

«Լրագիր» 13-4-2011- Մարտի 1-ի թեման կարծես թե մտնում է աշխույժ քննարկումների փուլ: Դրան գուցե նպաստում է թե այն, որ այդ խնդիրը Հայ ազգային կոնգրեսի առաջ քաշած երեք հայտնի պահանջներից է, թե Ժառանգության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հայտնի հայտարարությունը, թե նաեւ 2004 թվականի ապրիլի 12-ի իրադարձությունների հերթական տարեդարձը կամ տարելիցը, որի շրջանակում անխուսափելի համեմատություններ եւ ասոցիացիաներ են արվում մարտի 1-ի հետ:
Օրինակ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ապրիլի 12-ի առիթով արված իր խորհրդարանական հայտարարության զգալի մասը հենց մարտի 1-ի թեմային էր հատկացրել, հայտարարելով, որ մարտի 1-ը ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին: Վիկտոր Դալլաքյանը վերլուծել էր, որ Քոչարյանին այն ձեռնտու էր` Սերժ Սարգսյանին խոցելի դարձնելու համար, Տեր-Պետրոսյանին էլ կարող էր ձեռնտու լինել` Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու լուրջ հիմքի համար:

Պետք է թերեւս արձանագրել, որ Վիկտոր Դալլաքյանի այդ վերլուծությունը որքան մոտ լինի իրականությանը, այդուհանդերձ դեռ բավականաչափ հեռու է դրա հնարավորինս ամբողջական կամ լիարժեք արտացոլում պարունակելու համար: Ի վերջո, մարտի 1-ի մասին վերլուծություններում թերեւս քիչ է ընդհանրական ելակետերով առաջնորդվելը եւ պետք է նաեւ նկատի առնել անմիջական, “լոկալ” իրադարձությունները:

Իսկ այդ դեպքում առաջանում է մի հարց, որի պատասխանը քանի դեռ չկա, չի եղել, ու թերեւս հազիվ թե լինի, ավելորդ է խոսել մարտի 1-ը Սերժ Սարգսյանին ձեռնտու լինել-չլինելու մասին: Հարցը հետեւյալն է` մարտի 1-ին իշխանության գործողություններում ինչին է դեմ եղել Սերժ Սարգսյանը եւ ինչ է արել այդ բանը թույլ չտալու համար: Չէ որ Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի վարչապետն էր, խորհրդարանական բացարձակ մեծամասնություն կազմող ուժի ղեկավար, Հայաստանի նախագահի ընտրությանը պաշտոնապես հաղթած թեկնածու էր: Այսինքն, նա ամենեւին էլ վերջին մարդը չէր իշխանությունում, ուներ թե քաղաքական, թե իրավական ազդեցության լուրջ լծակներ, հատկապես նկատի ունենալով Սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարանի ու վարչապետի լիազորությունների որոշակի ընդլայնման պարագան:

Արդյոք Սերժ Սարգսյանը որեւէ կերպ դժգոհ է եղել ասենք նույն Ռոբերտ Քոչարյանի որեւէ որոշումից, եւ արդյոք նա փորձել է Սահմանադրության շրջանակում կանխել այդ որոշումների իրականացումը եւ ողբերգական իրադարձությունների ծավալումը: Չէ որ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն էր Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն, ու ԱԺ-ն կարող էր իր ձեռքը վերցնել իրավիճակի կառավարումը եւ թույլ չտալ, որ Ռոբերտ Քոչարյանն անի այն, ինչ իրեն է ձեռնտու:

Արել է արդյոք այդպիսի փորձ Սերժ Սարգսյանը: Այդ հարցին նա առ այսօր` մարտի 1-ից եւ իր նախագահամուտից երեք տարի անց, չի անդրադարձել, չի տվել հրապարակային պատասխան` ինչին է ինքը դեմ եղել այդ օրը եւ ինչով է փորձել կանխել իրեն ոչ ձեռնտու իրադարձությունները:

Եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է տարանջատվել, իր վրայից հանել մարտի 1-ի պատասխանատվությունը, ապա այդ դեպքում նրա համար մարտի 1-ի բացահայտումից ավելի կարեւոր է պատասխանել հենց այդ հարցադրմանը, որովհետեւ եթե անգամ տեղի ունենա քոչարյանական հետքով բացահայտում, միեւնույն է, այդ օրը Սերժ Սարգսյանի դերակատարության հարցը շարունակելու է մնալ բաց` բաց պահելով նաեւ նրա պատասխանատվության թեման:

Իսկ այդ թեման վաղ թե ուշ լողալու է ջրի երես, ուզի Սերժ Սարգսյանը, թե չուզի, որովհետեւ Քոչարյանի հարցերը մարտի 1-ով լուծելու դեպքում կյանքը կանգ չի առնում, քաղաքականությունը շարունակվում է, իր հետեւից բերելով շահեր, կառուցելով ու վերակառուցելով շահեր, ու այդ շահերը մի օր անպայման փորձելու են օգտվել մարտի 1-ի համար Սերժ Սարգսյանի պատասխանատվության այդ բաց պատուհանից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: