Thursday, April 7, 2011

Թուրքիայում մութ է. թուրք փոխվարչապետը չի կարողանում Հայոց ցեղասպանության հետքերը գտնել

News.am. 7-4-2011- Այցով ԱՄՆ մեկնած Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը մասնակցել է Գերման Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված համաժողովին եւ զավեշտալի պատասխան տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին:
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ` մասնակիցներից մեկը Հայոց ցեղասպանության հետ կապված եւ այն ապացուցող տարբեր աղբյուրներին հղումներով հարց է ուղղել թուրք փոխվարչապետին,, ով մի քիչ նյարդայնացել է եւ պատասխանել. «Դուք գրավոր հայտարարություն կարդացիք»:
Ինչպես արդեն ընդունված է` թուրք պաշտոնյան պատմել է, թե նախկինում ինչքան խաղաղ էին ապրում հայն ու թուրքն իրար կողքի, որ հայերն Օսմանյան կայսրությունում նախարարի մակարդակով պաշտոններ են զբաղեցրել, իսկ 1915-ին պարզապես հարկադիր տեղահանություն է եղել, քանի որ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ էր: Թուրք փոխվարչապետն այնքան էլ մերժողական տրամադրված չի եղել, որ ասել է, թե հնարավոր է, որ այդ տեղահանության ընթացքում ցավալի դեպքեր տեղի ունեցած լինեին: Ըստ այն պատմաբանների, որոնց հավանաբար ճանաչում է միայն Բյուլենթ Առընչը` հայերի տեղահանության ընթացքում ինչքան հայերն են նեղություն քաշել, այնքան էլ` թուրքերը:
Երկաթյա տրամաբանության տեր թուրք փոխվաչապետը շատ լուրջ հայտարարել է, թե տեղահանությունն ու ցեղասպանությունը` տարբեր բաներ են: «Ոչ նախկինում, ոչ ներկայում հայ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանություն չեք կարող գտնել: Մենք այն կտրականապես մերժում ենք: Այս խնդրում մենք առերեսվել ենք մեր անցյալի եւ ներկայի հետ ու «ցեղասպանություն» կոչված որեւէ բան չենք կարողացել գտնել»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը:

Արթուր Հակոբյան

No comments: