Saturday, April 9, 2011

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է հերթական զեկույցը Հայաստանի մասին

Անցած տարվա ընթացքում Հայաստանի իշխանություններն ազատ են արձակել չորս բանտարկյալի, որոնք ձերբակալվել էին 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած Մարդու իրավունքների մասին զեկույցի հայաստանին վերաբերող հատվածում:
«Երկու անձինք, որոնք դատապարտվել էին այդ դեպքերի արդյունքում, ազատ են արձակվել պատժաժամկետի լիակատար կրումից հետո, մինչդեռ մի քանիսը դեռ մնում են անազատության մեջ: Գրեթե բոլոր ձերբակալվածների նկատմամբ ձերբակալություններն ու դատավարությունները տարբեր չափով քաղաքական դրդապատճառներ են ունեցել:
Մի մասին «պետական իշխանության յուրացման» կամ «զանգվածային անկարգությունների կազմակերպման» մեղադրանք է ներկայացվել, իսկ որոշների դեմ` զենքի պահման կամ ձերբակալության ժամանակ դիմադրելու մեղադրանքներ: Իշխանությունները նախկինի պես հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը»,- ասված է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ անցած տարի ազատ են արձակվել Մկրտիչ Սափեյանն ու նրա եղբայրը` Ժորա Սափեյանը: Ընդդիմադիրներ Աշոտ Մանուկյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Գաբրիել Գաբրիելյանն ու Ֆելիքդ Գեւորգյանը եւս ազատ են արձակվել:

«Փետրվարի 10-ին իշխանությունները բանտ վերադարձրին Սասուն Միքայելյանին, այն բանից հետո, երբ նա երկրորդ վիրահատությունը տարավ մասնավոր կլինիկայում: Չնայած բժիշկների հավաստիացումներին, որ Միքայելյանը մշտական բժշկական ստուգման կարիք ունի, արդարադատության նախարարը հայտարարեց, թե նա կարող է անհրաժեշտ բուժում ստանալ բանտային հիվանդանոցում: Տարվա ընթացքում Միքայելյանի առողջությունը վատթարացել է եւ նա մի քանի անգամ ուղարկվել է հիվանդանոց: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ Միքայելյանը իրավունք ունի վաղաժամ ազատվել առողջական վիճակի պատճառով`քրեադատավարական օրենսգրքի համաձայն: Այդուհանդերձ նա բանտային հիվանդանոցում է պահվել մինչեւ տարվա վերջ:

«Ընդդիմության ազդեցիկ գործիչներից մեկը եւ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեղավոր է ճանաչվել «զանգվածային անկարգությունների կազմակերպման համար»: Շատ վերլուծաբաններ նրա ազատազրկումը քաղաքական են որակում: Միեւնույն ժամանակ Փաշինյանի վրայից հանվեցին ոստիկանության աշխատողի վրա հարձակվելու մեղադրանքը»:

Փետրվարի 12-ին Սարիբեկ Սուքիասյանը ձերբակալվել եւ 72 ժամ անցկացրել է բաժնում` գործարար Գոռ Դավթյանին առեւանգելու մեղադրանքով: Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն ու նրա ընկերությունները մնում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ նրանից վրեժ են լուծում 2008թ. ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու համար: Սարիբեկ Սուքիասյանի դեմ մեղադրանքը կարճվեց ապացույցների անբավարարության պատճառով»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում:

No comments: