Thursday, April 7, 2011

Չինաստանը Հայաստանին անհատույց 40 մլն յուան կհատկացնի

Tert.am. 7-4-2011-Գործադիրն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքելու առաջարկությանը։ Հայաստանի կառավարության խնդրանքով ՉԺՀ կառավարությունը մեր երկրին տրամադրում է անհատույց օգնություն՝ 40 մլն չինական յուանի չափով` կողմերի միջև համաձայնեցված տեխնիկատնտեսական համագործակցության ծրագրի իրականացման համար։ Նման օգնություն ՉԺՀ-ն մեր երկրին տրամադրում է 1999թ. սկսած։
Կառավարությունը համաձայնություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագիր ունեցողների համար մուտքի վիզայի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, դիվանագետների և այլ պաշտոնյաների փոխայցելությունների խթանմանը։
Կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու կոնվենցիայի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթով կբացառվի եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, կստեղծվի կանխատեսելի և կայուն հարկային դաշտ։

No comments: