Wednesday, April 13, 2011

«Ադրբեջանը` քաղաքակրթության թշնամի» ցուցահանդեսին կներկայացվեն Ադրբեջանում հայկական հուշարձանների լուսանկարները

News.am. 13-4-2011- Ապրիլի վերջին կկազմակերպվի «Ադրբեջանը` քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես, որին մասնակցելու հրավերներ կուղարկվեն բոլոր օտարերկրյա դեսպաններին ու բարձրաստիճան պաշտոնյաններին:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր` ապրիլի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ սա միջոցներից մեկն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու հայկական հուշարձանների վիճակի վրա, որից հետո գուցե Ադրբեջանը դադարեցնի հայկական հուշարձանների ոչնչացումը:
Ցուցահանդեսին ներկայացվելու է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Վարձք» հանդեսի երրորդ համարում օգտագործված լուսանկարները: «Վարձքի» նախորդ` երկրորդ համարն ամբողջությամբ նվիրված է եղել Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների վիճակին, որոնց վերաբերյալ, ըստ Կարապետյանի, նյութեր հայթայթելու հետ կապված խնդիրներ չէր առաջանում:
«Մինչդեռ Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների վիճակն ուսումնասիրելիս շատ դժվար էր նոր, թարմ տվյալներ ձեռք բերել, քանի որ, հայերի համար Ադրբեջան տանող բոլոր ճանապարհները փակ են»,- ասաց հուշարձանագետը, հավելելով, որ հանդեսի մեջ օգտագործված լուսանկարներից ոչ մեկի հեղինակը հայ չէ:
Մեծ թվով լուսանկարներ է տրամադրել բելգիացի մի լուսանկարիչ, ով 2007թ այցելել է Ադրբեջանի Գանձակի շրջանի բազմաթիվ գյուղեր եւ լուսանկարել այդտեղ գտնվող մեր բազմաթիվ հուշարձանները` եկեղեցիները եւ գերեզմանոցները: Լուսանկարներ են ձեռք բերել ամենատարբեր ճանապարհներով, բռնագաղթվածները վճարել են ադրբեջանցիներին, որպեսզի լուսանկարեն իրենց գյուղը եւ ուղարկեն, այդ լուսանկարներից շատերը օգտագործվել է հանդեսում:
Ադրբեջանի հայկական հուշարձաններն ուսումնասիրելիս հուշարձանագետն օգտվել է նաեւ համացանցից, որտեղ, սակայն, պատկերների ոչ հստակ լինելու պատճառով հնարավոր չէր որոշել` արդյոք լա՞վ վիճակում է հուշարձանը, թե` ոչ:

No comments: