Friday, April 15, 2011

Արեւմտյան ուժերը չեն հանդգնի ԼՂ պատերազմի վերսկսման դեպքում ռազմական միջամտություն ցուցաբերել

News.am. 15-4-2011- Եվրամիությունը միշտ էլ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ տարբեր «լեզուներով» է խոսել. Հայաստանի հետ նա խոսում է ինքնորոշման մասին, իսկ Ադրբեջանի հետ՝ տարածքային ամբողջականության։ Այս մասին ապրիլի 14-ին կայացած ինտերնետ կոնֆերանսի ժամանակ ասաց Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, Le Monde-ի վերլուծաբան Կայծ Մինասյանը՝ ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված դիվանագիտությունը, ոչ թե Եվրահանձնաժողովի կամ Քեթրին Էշթոնի ձեռքում է, այլ Եվրամիության անդամ երկրների։
«Ինչ վերաբերում է հակամարտության անմիջական հետազոտությանը, ապա պետք է ասել, որ այն մեծապես կախված է հակամարտության տեսակից։ Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ խնդրի լուծումը մեխանիկական է, եւ հակամարտությունը շուտով կլուծվի, սակայն խումբը հաշվի չի առնում պատմական- սոցիալական խնդիրները։ ՄՃԽ-ի նման կազմակերպությունների զեկույցներում կարելի է այսպիսի ձեւակերպումներ գտնել. «Այս պետությունը պարտավոր է...», «Կա միայն մեկ...» եւ այլն, բայց այս առաջարկներով չի կարելի հակամարտություն լուծել, այսպես կարելի է հակամարտություններ սկսել»,- ասաց Le Monde-ի վերլուծաբանը։

Պատասխանելով պատերազմի վերսկսման դեպքում Արեւմուտքի ռազմական միջամտության մասին հարցին՝ Մինասյանը նշեց, որ առկա իրավիճակում, ոչ մի արեւմտյան ուժ չի հանդգնի միջամտել կոնֆլիկտին։ «Պետք է հստակ գիտակցել, որ նման գործողությունների համար լուրջ պատճառներ են անհրաժեշտ, իսկ դրանք չկան։ Ոչ Ֆրանսիան,ոչ Գերմանիան չեն խառնվի Հայաստանի գործերին։ Հիշեք Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած պատերազմը։ Այդ ժամանակ ոչ մի միջամտություն չեղավ, իսկ այժմ սկսվել է բանակցությունների շրջանը, ճիշտ է, դրանք բարդ են, սակայն բանակցություն են»,- վստահություն հայտնեց փորձագետը։

No comments: