Thursday, April 14, 2011

WikiLeaks. «Դեռ 2004-ին Դինքը թուրք ազգայնականների հարձակումների թիրախ էր դարձել»

Դեռ 2004 թվականի գարնանը Թուրքիայում հավատարմագրված ամերիկացի դիվանագետները արձանագրում էին, որ «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի գործունեության շուրջ անառողջ մթնոլորտ է ստեղծվել: Այս մասին տեղեկանում ենք WikiLieaks կայքի կողմից գաղտնազերծված հերթական փաստաթղթից, որի հեղինակը Ստամբուլում ԱՄՆ-ի այն ժամանակվա գլխավոր հյուպատոս Դեյվիդ Առնեթն է, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ամերիկացի դիվանագետը 2004-ի մարտի 10-ին գրել է. – «Վերջերս թուրքական երկու պարբերականներում լույս տեսած հրապարակումները, որոնց համաձայն` Քեմալ Աթաթուրքի կողմից որդեգրված եւ հետագայում Թուրքիայի առաջին կին օդաչուն դարձած Սաբիհա Գյոքչենը ազգությամբ հայ էր, հանրության շրջանում ռասիստական այլանդակ դրսեւորումների տեղիք տվեցին»:
Հիշեցնելով, որ առաջինը Սաբիհա Գյոքչենի հայկական ծագման մասին «Ակոս» պարբերականում գրել է Հրանտ Դինքը, ապա նրա հոդվածն արտատպվել է հեղինակավոր Hurriyet թերթում, Միացյալ Նահանգների հյուպատոսը նկատում է. – «Թեեւ Գյոքչենի հայկական ծագման մասին պնդումները տեղի հայկական շրջանակների համար նորություն չեն, իսկ հոդվածը հիմնված է եղել Գյոքչենի ազգականների շրջանում անցկացված հետազոտության վրա, այնուհանդերձ, այդ տեղեկատվության ի հայտ գալը շատ ավելի մեծ տպաքանակ ունեցող Hurriyet-ի էջերում մի շարք ռասիստական եւ վիրավորական արձագանքների ի հայտ գալու պատճառ դարձավ»:
Հյուպատոսը նկատում է, որ Դինքի հոդվածի հնչեղությունն այնքան մեծ է եղել, որ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
«Գյոքչենի ազգային պատկանելության մասին հրապարակումները, ըստ էության, աթաթուրքյան ազգայնականության դեմ անհիմն եւ անազնիվ մի քարոզարշավ են, որի նպատակն է խաթարել ազգային արժեքներն ու զգացմունքները»», – նշված էր թուրք գեներալների հայտարարության մեջ:
Ամփոփելով իր հաղորդագրությունը` Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսը գրել է. – «Ստեղծված իրավիճակում առավել մտահոգիչն այն է, որ այս հրապարակումները առիթ տվեցին թուրք ծայրահեղ ազգայնականներին հակաքարոզչական արշավի թիրախ դարձնել անձամբ «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքին»:
Նշելով, որ Դինքի դեմ ուղղված գործողությունների հիմնական նախաձեռնողը «Ազգայնական շարժում» կուսակցության Ստամբուլի կառուցն է, Առնեթը գրել է. – «Այս արշավի մաս էին կազմում սպառնալից հեռախոսազանգերը, ինչպես նաեւ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մոտ 40 ագրեսիվորեն տրամադրված ազգայնականների ցույցը»:
Ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ այդ իրադարձություններից հետո հյուպատոսության քաղաքական պատասխանատուն հանդիպել է Դինքին:

«Ակոս»-ի խմբագիրը, որն այս հարձակումներից ակնհայտորեն ցնցված ու վիրավորված էր, զրույցի ընթացքում նշել է, թե քննարկում է թերթի լույս ընծայումից հրաժարվելու տարբերակը», – Դինքի սպանությունից մոտ երեք տարի առաջ գրել է ամերիկացի հյուպատոսը:

Հրանտ Դինքը 2007 թվականի հունվարի 19-ին սպանվեց Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առջեւ` 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի արձակած երեք կրակոցներից:

Դատավարությունը դեռ ընթացքի մեջ է, սակայն ինչպես սպանված խմբագրապետի հարազատներն ու ընկերներն են պնդում` հանցագործության հետեւում կանգնած անձինք, Դինքի սպանության իրական մեղավորները այդպես էլ չեն բացահայտվում եւ մնում են անպատիժ:

No comments: