Tuesday, May 3, 2011

ԻՆՉՊԵՍ ՈՆՉՆՉԱՑՐԻՆ ԲԵՆ ԼԱԴԵՆԻՆ

«Lragir.am», 02/05/2011: “Ամերիկայի ձայնը” հայտնում է, որ Միացյալ Նահանգների նախագահի ելույթի ընթացքում ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնատար անձանցից մեկը հեռախոսով անցկացված հարցազրույցի ընթացքում լրացուցիչ մանրամասներ է ներկայացրել այն գործողությունների մասին, որոնց արդյունքում ոչնչացվել է Ուսամա բեն Լադենը՝ զգուշացնելով, որ չի կարող և չի նախատեսում տրամադրել այս գործողության բոլոր մանրամասները։

Սպիտակ տան պաշտոնյայի համաձայն, բեն Լադենի դեմ թիրախավորված գործողությունն իրականացվել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից դեպի հյուսիս գտնվող Աբբոթթաբադ քաղաքում գտնվող շինությունների մեծ համալիրի ներսում՝ այնտեղ ուղղաթիռներով ժամանած հատուկ ջոկատի կողմից։

Նրա համաձայն, փշալարով պատված բարձր պատերով շրջապատված և լավ վերահսկվող այս համալիրը գոյություն ունի արդեն մոտ հինգ տարի։ Համալիրում սակայն բացակայում էր հեռախոսին կամ համացանցին որևէ միացում։

Պաշտոնյայի համաձայն, Ուսամա բեն Լադենը սպանվել է ՝ դիմադրություն ցուցաբերելով հատուկ ջոկատի մարտիկներին, սակայն չի տրամադրել փոխհրաձգության վերաբերյալ որևէ այլ մանրամասն։

Հատուկ ջոկատը շենքի ներսում է մնացել մոտ 40 րոպե, որոնց ընթացքում չի հանդիպել Պակիստանի իշխանությունների որևէ ներկայացուցիչ։

Տեղի ունեցած հրաձգության ընթացքում սպանվել է երեք տղամարդ, որոնցից մեկը, պաշտոնատար անձանց կարծիքով, եղել է բեն Լադենի մեծահասակ որդիներից մեկը։

Համալիրում հարձակման պահին գտնվող մի քանի կանանցից մեկը սպանվել է՝ պաշտպանվող կողմի մարտիկներից մեկի կողմից իրեն որպես վահան օգտագործելու պատճառով։

Գործողության ընթացքում ստացված մեխանիկական վնասվածքի պատճառով ԱՄՆ-ի ուժերը կորցրել են մեկ ուղղաթիռ, որը ոչնչացվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և հատուկ ջոկատի մարտիկները գործողության վայրից հեռացել են երկրորդ ուղղաթիռով։

ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնյան հայտնել է նաև, որ բեն Լադենի աճյունը պահպանվում է «մահմեդական ավանդույթներին համաձայն», ինչը Միացյալ Նահանգները շատ է կարևորում։

Նա ասել է նաև, որ Միացյալ Նահանգները «չափազանց մտահոգված» է այն հանգամանքով, որ բեն Լադենը հայտնաբերվել է Պակիստանի տարածքում։ «Այս հանգամանքի շուրջ մենք շարունակելու ենք աշխատել Պակիստանի կառավարության հետ», - հավելել է ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնյան։ Այդ մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

Լուսանկարը Լոս Անջելես Թայմսից

No comments: