Wednesday, May 11, 2011

Անհապաղ պետք է մահապատժի ենթարկել ազգությամբ հայ Օջալանին. թուրք ծայրահեղ ազգայնականներ

Tert.am. 11.5-2011- Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ ազգությամբ հայ Աբդուլլահ Օջալանը փորձում է վնաս հասցնել թուրք–քրդական եղբայրությանը։ Այս մասին հայտարարել է «Մեծ միասնություն» ծայրահեղ ազգայնական կուսակցության Իզմիթի շրջանային գրասենյակի նախագահ Սեյիթ Օսման Աքյուզը։
«Ջիհանի» փոխանցմամբ՝ «Մեծ միասնություն» կուսակցությունն օրեր առաջ Քոջաելիում ակցիա է կազմակերպել, որի ժամանակ կուսակցության ներկայացուցիչներն իրենց բողոքն են արտահայտել Օջալանին մահապատժի փոխարեն ցմահ բանտարկության դատապարտելու դեմ։ Թուրք ազգայնականները նշել են, թե Օջալանը բանտից ղեկավարում է PKK–ն, և պահանջել են անհապաղ մահապատժի ենթարկել նրան։
Ակցիայի ժամանակ ելույթով հանդես է եկել «Մեծ միասնություն» ծայրահեղ ազգայնական կուսակցության Իզմիթի շրջանային գրասենյակի նախագահ Սեյիթ Օսման Աքյուզը, ով պնդել է, թե Աբդուլլահ Օջալանն ունի հայկական ծագում, որի իսկական անունն Արթին Հակոբյան է (որոշ թուրքական լրտվամիջոցների կողմից Օջալանը ներկայացվում է որպես Հակոբ Արթինյան,– Tert.am)։
Օսման Աքյուզի խոսքով՝ Թուրքիայում Օջալանի առաքելությունը վրեժխնդրությունն է, և հենց այդ պատճառով է «Արթին Հակոբյանն ավելի ուշ վերցրել Օջալան անունը» (Օջալան թուրքերենից թարգմանաբար նշանակում է վրիժառու)։
Ակցիայի ավարտին թուրք ազգայնականները Քոջաելիի Ազատության հրապարակում կախաղան են բարձրացրել Աբդուլլահ Օջալանի խրտվիլակը։

No comments: