Wednesday, May 4, 2011

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ՓՈԽԱՆՑՈՒՄ

«Lragir», 4.5.2011: Հայաստանի ընդդիմության եւ իշխանության փոխհարաբերությունը աստիճանաբար դառնում է ոչ միայն օրինակելի, այլ նույնիսկ հուզիչ: Վերանում է լարվածությունը, կողմերը միմյանց սկսում են հանդուրժողությամբ վերաբերել, ընդունում են միմյանց գոյության իրավունքը, հաշվի են առնում միմյանց շահը, կատարում են միմյանց պահանջներն ու արդարացնում ակնկալիքները:

Այդ ամենը Հայաստանում տվել է քաղաքական մշակույթի, քաղաքական համակարգի վերափոխման, փոխհարաբերությունների արդիականացման պրակտիկ գործընթացի մասին դատողությունների հիմք: Բայց, չվիճարկելով այդ ամենը, այդուհանդերձ փորձենք պատկերացնել, թե մինչեւ ուր կարող է շարունակվել ներկայիս հարմոնիան: Կհասնի արդյոք այն մինչեւ համարժեք ընտրական գործընթաց, որտեղ հասարակությանը հնարավորություն կտրվի ազատորեն ընտրել այն ուժին կամ թեկնածուին, ում ինքը նախընտրում է: Ընդ որում, ազատ ընտրություն ասվածը միայն այն չէ, որ մարդը գնա ընտրատեղամաս, առանց խոչընդոտի, առանց բռնության կատարի իր ընտրությունը, քվեաթերիթիկն առանց կողմնակի միջամտության դնի քվեատուփի մեջ, հետո դա այնտեղից հանեն ու հաշվեն օրենքով սահմանված կարգով եւ գրանցեն հաղթողի անունը:

Ընտրության ազատությունը սկսում է ընտրարշավի ազատությունից, բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովումից: Կհասնի՞ արդյոք բանը դրան: Քանի դեռ չի հասել, թերեւս ժամանակավրեպ են նոր քաղաքական մշակույթի մասին գնահատականները, որովհետեւ քաղաքական մշակույթի առանցքն ընտրական մշակույթն է: Եթե այն չկա, ապա քաղաքական մշակույթի մյուս բաղադրիչները գրոշի արժեք չունեն, կամ ունեն հենց գրոշի արժեք` ոչ ավելի:

Արդյոք Սերժ Սարգսյանը թույլ կտա, որ Հայաստանում լինի ընտրական իրավունքի իրացման ազատության միջավայր: Արդյոք նա ոստիկանությանը եւ օլիգարխիկ համակարգի “ուժային” կառույցներին կարգելի միջամտել ընտրական գործընթացին, արդյոք նա կհրաժարվի վարչական ռեսուրսից: Արդյոք նա պատրաստ է հերթական կամ արտահերթ ընտրությանը իշխանություն փոխանցել ընդդիմությանը, ընդ որում այն ընդդիմությանը, որին ոչ թե ինքը, այլ հասարակությունը կընտրի: Քանի դեռ այդ հարցերը չունեն պատասխան, երեւի թե վաղաժամ է Հայաստանում “մշակութային հեղափոխության” մասին խոսելը, եւ այդ խոսակցություններն ավելի շատ թողնում են ցանկալին իրականության տեղ ներկայացնելու տպավորություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: