Wednesday, May 4, 2011

Էրդողանի թույլտվությամբ Դինքի գործով հետաքննություն է սկսվել հետախուզության աշխատակիցների դեմ

Tert.am. 4-5-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ թույլտվությամբ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննություն է սկսվել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին աշխատակից Օզել Յըլմազի և նույն կառույցի աշխատակից մի կնոջ դեմ, որի անունը չի նշվում։ Այս մասին գրում է թուրքական «Ռադիքալ» օրաթերթը՝ նշելով, որ Էրդողանը հետաքննություն սկսելու վերաբերյալ թույլտվությունը տվել էր դեռևս 2011թ. հունվարի 21–ին, որի մասին, սակայն, միայն այսօր է հայտնի դարձել։
Հրանտ Դինքն իր սպանությունից մեկ շաբաթ առաջ՝ 2007թ. հունվարի 12-ին գրված «Ինչո՞ւ ես թիրախ դարձա» խորագրով հոդվածում տեղեկացրել էր, որ 2004թ. փետրվարի 4-ին կանչվել է Ստամբուլի նահանգապետարան, որտեղ իրեն երկու անձինք զգուշացրել էին «ուշադրություն դարձնել իր հրապարակումներին»։
Դինքը Ստամբուլի նահանգապետարան էր կանչվել այն բանից հետո, երբ իր հոդվածներից մեկում գրել էր, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեդուստրը՝ Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչենը, ունի հայկական արմատներ։
Որոշ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ նահագապետարանում Դինքին սպառնացողները եղել են MIT–ի աշխատակիցներ։
«Ռադիքալի» տեղեկացմամբ՝ Թուրքիայի կառավարությունը նախկինում մերժել էր Անկարայի դատախազության՝ MIT–ի դեմ Դինքի սպանության գործով հետաքննություն սկսելու երկու դիմումները։
Բացի այդ, ինչպես տեղեկացնում է թուրքական պարբերականը, Թուրքիայի նախագահին կից գործող Պետական վերահսկիչ պալատի ներկայացուցիչներն ապրիլի 25-ին Դինքի սպանության գործի առնչությամբ հանդիպել են խմբագրապետի ընտանիքի անդամների հետ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հրահանգել էր Պետական վերահսկիչ պալատին ուսումնասիրել Հրանտ Դինքի սպանության գործը:

No comments: