Wednesday, May 4, 2011

ԱԺ նախագահ. Բարեփոխումների համար հավատ ու քաղաքական կամք է պետք

«Aysor.am», 04.05.2011: «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջմշակութային երկխոսությանը տարածաշրջանում` տարբեր կրոնական ու էթնիկ համայնքների միջև վստահության և համագործակցության մթնոլորտի հաստատման միտումով: Այս ամենը, իր հերթին, կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, բարեկեցության բարձրացմանը, խաղաղության, կայունության և անվտանգության նախադրյալների ստեղծմանը: Այդ նույն սկզբունքներն են արտացոլված նաև Պրահայի հռչակագրում», - այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ելույթ ունենալով մայիսի 3-ին ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստի շրջանակներում:
Նա նշել է, որ բոլորիս հայտնի է` բարեփոխումների իրականացումը հնարավոր չէ, եթե չկա դրանց նկատմամբ հավատ, համոզվածություն և քաղաքական կամք:

«Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափը, մեր բոլորի համոզմամբ, այն ատյանն է, որի միջոցով մենք կարող ենք աջակցել Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության իրականացմանը, արձանագրել առաջընթաց և կանխատեսել մարտահրավերները: Այն նաև յուրահատուկ ֆորում կդառնա տեղեկատվության և փորձի փոխանակման համար, կդյուրացնի փոխըմբռնումը, ընդհանուր դիրքորոշումների մշակումը Եվրախորհրդարանի և գործընկեր պետությունների խորհրդարանների միջև», - ասել է Հ.Աբրահամյանը:
Այս միջխորհրդարանական վեհաժողովն, ըստ ՀՀ ԱԺ նախագահի, Արևելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական հարթությունն է, որը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի առաջ մղելու քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը Եվրամիության և Արևելյան գործընկեր պետությունների միջև: Հ.Աբրահամյանի կարծիքով` այն կարող է հզոր գործիք դառնալ գործընկերության ամրապնդման և զարգացման գործում:
«Հայաստանի դեպքում մեր դավանած քրիստոնեական արժեքները, պատմական և լեզվամշակութային գործոններն ապահովում են մեր ներկայությունը Եվրամիության հաստատությունում` կրկին վերահաստատելով Հայաստանի` Եվրոպական մեծ ընտանիքի անբաժանելի մաս հանդիսանալու հանգամանքը: Եվրամիության քաղաքացի հանդիսացող մոտ մեկ միլիոն մեր հայրենակիցների ամբողջական ինտեգրումը Եվրոպայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին դրա լավագույն ապացույցն է: Այս առումով մենք կարևորում ենք մեր քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանն ուղղված գործընթացը», - հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը:
Նա հատուկ շեշտել է, որ դեռևս մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ մենք Եվրամիության հետ մեկնարկեցինք Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը:
«Այս պահին մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք բանակցությունների արդյունքում մշակված տասնվեց բաժին: Գիտեմ, որ մեր գործընկերներից ոմանք ավելի առաջ են անցել: Եկեք օգտագործենք այս եզակի հնարավորությունը, որպեսզի արագացնենք այս գործընթացը, այլ ոչ թե փորձենք ԵՎՐԱՆԵՍԹ-ը դարձնել անիմաստ վիճաբանությունների բեմ: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մեր բոլոր գործընկերները կիսում են այս մոտեցումը: Ազնվորեն հավատացած եմ, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խնդիրներից է ներգրավել Բելառուսին այս գործընթացում և փորձել խրախուսել հետագա բարեփոխումներն այդ երկրում, որպեսզի Բելառուսի պատվիրակությունը մոտ ապագայում զբաղեցնի ազատ պահված տեղերը», - ներկաներիս ասել է Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը հիշեցրել է, որ անցած ժամանակահատվածում Հայաստանի Ազգային ժողովն իր հանձնառությունն է հաստատել ԵՎՐԱՆԵՍԹ-ի հետ լիարժեք համագործակցելու գործընթացում` լինելով առաջինը ազգային պատվիրակության ձևավորման և նախապատրաստական աշխատանքներին իր մասնակցությամբ:
«Գլոբալացման այս դարաշրջանում բազմազանության դերը չափազանց կարևոր է, և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարցերը պետք է գերակայեն մեր քաղաքական օրակարգում: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն ավարտում է նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները` համապատասխանեցնելով այն Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ պարունակվող առաջարկություններին: ՙԽոսքի և հավաքների ազատության մասին՚ նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել մեր հանրապետությունում», - նշել է Հ.Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` հարավկովկասյան երեք երկրների մասնակցությունը ԵՎՐԱՆԵՍԹ- ին իրոք կարող է շատ օգտակար լինել մեր տարածաշրջանն առավել կանխատեսելի դարձնելու առումով:
«Հայաստանը կիսում է Եվրամիության այս տեսակետը: ԵՎՐԱՆԵՍԹ-ը նաև նոր թափ կհաղորդի մեր միջև առկա հարաբերություններին` հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը և լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես խորհրդարանների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների միջև կապերի ամրապնդման համար», - ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ավարտելով ելույթը` նա հստակ ընդգծել է, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական ձևաչափը դիտարկում է ոչ թե որպես ինքնանպատակ կառույց, այլ համագործակցության կամուրջ, որը անցնելու վճռականությունը Հայաստանն ունի:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ խորհրդարանների ղեկավարների ելույթներից հետո ստորագրվեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտը և ընդունվեց կանոնակարգը: Նշենք, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ընտրվեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի փոխնախագահ:

No comments: