Wednesday, May 4, 2011

ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է

«Lragir.am», 03.05.2011: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն, գտնվելով Երևանում, հատկանշական հայտարարություններ է կատարել: Նա նշել է ազատ տնտեսական մրցակցութան ապահովման անհրաժեշտությունը բոլոր տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում, ամերիկյան ընկերությունների հետ:

Նրա այցից հետո Հայաստան կայցելի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գլխավոր տնօրենը, որը Հայաստանում բազմամիլիոնանոց գրանտային ծրագրեր է իրականացրել, սակայն ժողովրդավարության պակասի պատճառով դադարեցրել է աջակցությունը: Արդյոք հնարավոր է, որ կորպորացիայի ղեկավարի այցի արդյունքում վերանայվի նախկին որոշումը: Եթե այո, ապա ի՞նչ է փոխվել Հայաստանի տնտեսական քաղաքականությունում վերջին մի քանի շաբաթների ընթացքում:

Առաջին հայացքից ոչինչ չի փոխվել, սակայն Հայաստանի իշխանությունները արտաքին ճնշման տակ հայտարարել են որոշակի մտադրությունների մասին, որոնք կարող են դիտվել որպես կուրսի փոփոխություն: Առաջին հերթին, դա 500 բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման մասին որոշումն է: Դա հարկային համաներումն է, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը առավել «ստվերային» ոլորտի` լեռնահանքայինի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում հայտարարվել է այդ ոլորտի հարկահավաքության կարգավորման անհրաժեշտության մասին: Կարելի է հիշել նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հայտարարությունը հարկային և մաքսային ոլորտներում արմատական բարեփոխումների վերաբերյալ:

Ավելի շուտ, Հայաստանի կառավարությանը մատնացույց են արել ճիշտ ճանապարհը, և նա ստիպված է եղել թեկուզ հայտարարել այդ ճանապարհով գնալու մտադրության մասին: Սակայն գլխավոր դերը, հավանական է, խաղացել է ընդդիմության և իշխանության միջև երկխոսությունը, որը, հնարավոր է, կբերի ներքին քաղաքական տրանսֆորմացիաների, ընդհուպ մինչև իշխանափոխություն: Այդ տրանսֆորմացիաների գործընթացում կարող է տեղի ունենալ ծանրության կենտրոնի տեղաշարժ պրոռուսականից դեպի ավելի անկախ վեկտոր: Եվ այն, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը խոսում է Հայաստան ամերիկյան կապիտալի մուտքի մասին, համարվում է այդ տեղաշարժման վկայությունը:

Մինչ այժմ ռուսական կապիտալը հայկական տնտեսությունում զբաղեցնում է գերիշխող դիրք: Այն ոչ միայն գլխավոր ռազմավարական ոլորտներն ու ենթակառույցներն է զբաղեցրել, այլև փակում է արևմտյան ընկերությունների ճանապարհը: Միակ բացառությունը, թերևս, բջջային կապի ոլորտն է, որն ապացուցել է, որ ռուսական ընկերությունների կողմից կառավարվող ոլորտ ֆրանսիական Օրանժի մուտքը էականորեն բարելավել է մրցակցային միջավայրը եւ հանգեցրել ոլորտի զարգացմանը:

Հայաստանի քաղաքական դաշտը յուրատեսակ թայմ-աութ է վերցրել մինչև մայիսի վերջ, երբ տեղի կունենա ՀԱԿ հանրահավաքը: Սակայն քաղաքական խորհրդակցությունները չեն դադարում և ակնհայտ է, որ իշխանությունը սպառել է իր ողջ քաղաքական ներուժը` ինչպես տնտեսական, այնպես էլ` իմիտացիոն-քարոզչական: Այժմ այն 2 ելք ունի` կամ համաձայնվել իրական բարեփոխումների անհրաժեշտության հետ` զոհելով օլիգարխներին, կամ էլ սպասել հրաժարականի: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ իշխանությունն այլևս այնպես կախված չի լինելու Ռուսաստանից, որքան տեղի էր ունենում մինչ այժմ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: