Tuesday, May 3, 2011

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՊԱՆ

«Lragir.am», 03/05/2011: Երբ Հայ ազգային կոնգրես-իշխանություն տիրույթում ընթացող գործընթացի վերաբերյալ քննադատություն, հարցադրումներ, դժգոհություն եւ կասկածներ է հայտնում հասարակությունը, հանրային տարբեր խմբերը, քաղաքացիական շարժումները, առանձին քաղաքացիները, ապա դա միանգամայն հասկանալի եւ տրամաբանական իրողություն է:

Մարդիկ հաշվետվություն են պահանջում այն քաղաքական ուժից, որին վստահում են, կամ վստահել են, որին համարում են երկրում ներքաղաքական գործընթացի հիմնական դերակատար, իշխանության հիմնական այլընտրանք: Քաղաքական ուժը հենց նրա համար է, որ հաշվետու լինի հասարակության առաջ, իշխանություն լինի, թե ընդդիմություն:

Զարմանալին այն է, երբ առկա գործընթացի քննադատությամբ հանդես են գալիս այլ քաղաքական ուժեր: Իհարկե, կրկին շատ բնական ու նորմալ է, երբ նրանք քննադատում են երկու այլ քաղաքական ուժի` Կոնգրեսի եւ իշխանության գործունեությունը եւ նրանց մեղադրում են հանրային եւ պետական շահի անտեսելու համար:

Միայն թե ներկայում ստացվել է մի իրավիճակ, երբ մի խումբ քաղաքական ուժեր մեղադրում են Հայ ազգային կոնգրեսին, որ նա չի դրսեւորում արմատական եւ կտրուկ տրամադրություններ: Այդ քննադատության եւ մեղադրանքների մեջ ոչ այնքան հասարակության եւ պետության շահի համար մտահոգությունն է նկատելի, որքան Կոնգրեսին ուղղված մոտավորապես հետեւյալ մեղադրանքը` “ինչու ես եկել այս դաշտ, սա մեր տեղն էր, մեր նիշան էր, դու գնա քո արմատական տեղը”:

Փաստացի, Կոնգրեսը ներկայում մոտավորապես այն է անում, ինչ այդ մի խումբ ուժերն անում էին անցած երեք տարիների ընթացքում, իսկ նրանց մի մասն էլ դրանից առաջ: Եվ եթե այդ մի խումբ քաղաքական ուժերը Կոնգրեսին ներկայում մեղադրում են իրենց վարքը կրկնելու համար, դա արդեն դառնում է տարօրինակ:

Ամեն ինչ հասկանալի կլիներ, եթե այդ ուժերը խոստովանեին հրապարակավ, որ տարիներ շարունակ սխալ է եղել իրենց դիրքորոշումը, որ հիմա իրենք կոչ են անում անցնել արմատական պայքարի եւ Կոնգրեսին առաջարկեին միավորվել առավել արմատական եւ կոշտ դիրքի շուրջ: Այդպիսի բան կարծես թե որեւէ մեկը չի անում: Ավելին, կարծես թե որեւէ քաղաքական ուժ, որը ներկայում քննադատում եւ “մերկացնում” է Կոնգրես-իշխանություն գործընթացը, հանրությանը չի ներկայացրել հայեցակարգային այլ ռազմավարություն:

Հետեւաբար, քանի դեռ այդ ռազմավարությունը չկա, հնչող քննադատությունն ու մեղադրանքները չունեն որեւէ քաղաքական արժեք: Քանի դեռ չկա հայեցակարգային ռազմավարական այլ մոտեցում եւ առաջարկ հասարակությանը, Կոնգրեսի եւ իշխանության խաղի հասցեին քաղաքական որեւէ ուժի ուղղած քննադատությունը քաղաքականություն չէ, այլ մանրախնդրություն:

Եթե որեւէ քաղաքական ուժի թվում է, որ հանրությունը, հարային խմբերը, քաղաքացիական շարժումները, տարբեր մասնագիտությունների, կրթական տարբեր աստիճանների տեր եւ քաղաքական գործընթացի հետ առնչության տարբեր աստիճաններ ունեցող շարքային քաղաքացիներն իրենցից պակաս են հասկանում ինչ է կատարվում ներքաղաքական տիրույթում, ապա թերեւս զգալիորեն սխալվում են: Հասարակությունը, հանրային խմբերն ու քաղաքացիական շարժումները, անհատ քաղաքացիներն իրենք ունեն Կոնգրեսի հետ իրենց հարաբերությունը պարզելու ունակություն, ու կպարզեն, դրանում թերեւս կասկած չկա:

Իսկ քաղաքական ուժերի խնդիրը հանրությանը քաղաքականության իրագործման, շահերի սպասարկման հայեցակարգային մեխանիզմներ առաջարկելն է: Դրանով, ներկայում, փաստացի զբաղված է միայն Կոնգրեսը: Լավն է այդ մեխանիզմը, վատն է, կեղծ է, անկեղծ է, բոլորովին այլ հարց է: Եվ այդ հարցը հանրությունն ինքն իր տնօրինած կազմակերպական եւ տեղեկատվական խողովակներով շատ հստակ եւ միանգամայն հասկանալիորեն դնում է Կոնգրեսի առաջ, ու այդ գործում կարծես թե չունի քաղաքական որեւէ ուժի օգնության կարիք:

Օգնության կարիք թերեւս ունեն այն քաղաքական ուժերը, որոնք ներկայում կարծես թե քաղաքական նախագծերի համար բավական պարարտ եւ խոպան վիճակում գտնվող դաշտում աչքի են ընկնում ոչ թե քաղաքական կրեատիվությամբ, այլ առավելապես անձնական զգացումներով եւ շահով պայմանավորված մանրախնդրությամբ եւ քինախնդրությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: