Monday, May 2, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄՂՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

«Lragir.am», 02/05/2011: Ղարաբաղյան հակամարտության, ինչպես եւ համաշխարհային քաղաքականության մեջ, մոտենում է X պահը: Նաեւ, քանի որ ոչ ոք չգիտե, թե ով կդառնա “թիվ մեկ թշնամին” Բեն Լադենի մահից հետո, դժվար թե որեւէ մեկը կարող է կանխատեսել ղարաբաղյան հակամարտության ընթացքը:

Հակամարտության միլիտարացումն ակնհայտ է, եւ եթե մինչ նախորդ շաբաթը Էլմար Մամեդյարովը միայն վիրտուալ հայտարարեց, թե “գոյություն ունի ռազմական դիվանագիտություն հասկացություն, եւ այդ գործոնն աջակցում է բանակցության ընթացքի առաջխաղացմանը”, անցյալ շաբաթավերջին ադրբեջանցի դիպուկահարները սկսեցին սպանել կոնկրետ հայ զինվորների:

Զինվորներին նախկինում էլ էին սպանում, սակայն այս անգամ հայկական կողմի արձագանքն այլ էր` գործնականում խորհրդարանական բոլոր խմբակցությունները հայտարարեցին, որ անհրաժեշտ է համարժեք պատասխան եւ վրեժ: Համանախագահներն առայժմ չեն արձագանքել սպանություններին, թեեւ մի քանի շաբաթ առաջ հատուկ առաքելություն էին իրականացրել` հետաքննելու ադրբեջանցի երեխայի մահը:

Այնպիսի զգացողություն է, որ թե համանախագահների լռությունը, թե ադրբեջանցիների սադրանքը պայմանավորված են “հայկական համարժեք պատասխան” ստանալու ցանկությամբ: Թե համաշխարհային հանրությունը, թե ադրբեջանական մամուլը քարացել են հայկական կողմից վրեժի մասին տեղեկության սպասումներում:

Ղարաբաղյան կարգավորման դիվանագիտությունը, չնայած լավատեսական հայտարարություններին, փակուղու մեջ է: Այդ մասին է վկայում Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, որը անցյալ շաբաթ հստակ հայտարարել էր` “Ղարաբաղը մեր հարցն է, Նախիջեւանը մեր հարցն է: Մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը, Հայաստանի հետ հարաբերության կարգավորումն անհնար է: Մենք միշտ Ադրբեջանի թիկունքին ենք, այդպես կլինի հետագայում”: Դա նշանակում է, որ հայաստանը չի համաձայնել Թուրքիայի պայմաններին:

Մյուս կողմից, թուրքական կողմերը` Բաքուն եւ Անկարան, չեն պատրաստվում համակերպվել ստատուս-քվոյին, եւ հիմա ամենաշահագրգռվածն են, որ Հայաստանը վրեժ լուծի, եւ սկսեն ռազմական գործողություններ: Առավել եւս, որ Հայաստանում հնչում են վճռական քայլերի կոչեր:

Հայաստանը շահագրգռված է նրանում, որ մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերջապես դադարեցվի: Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի եւ ուրիշների, Հայաստանը չպետք է տղայաբար տրվի սադրանքներին եւ ներգրավվի ռազմական վրեժի մեջ: Կան այլ միջոցներ` ասենք, ճանաչել Ղարաբաղը եւ դուրս գալ բանակցությունից: Նման քայլն արդարացված կլինի` ի վերջո, Ադրբեջանը չի կատարում նույնիսկ տարրական պարտավորությունները, որոնք ընդունվել են բանակցությունների ընթացքում: Իմաստ կա՞ դրանք շարունակել:

Ակնհայտ է, որ մադրիդյան գործընթացի շրջանակում բանակցությունները դադարել են թունել լինել, որով կարելի էր առաջ գնալ, եւ վերածվել են խոր փակուղու: Ինչ որ մեկն ուզում է, որ Հայաստանն այդ փակուղուց դուրս գա մի քանի հարյուր երիտասարդների կյանքի գնով: Սակայն Երեւանը պետք է լրջորեն մտածի, թե ինչ արժե զինվորի կյանքը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: