Tuesday, May 3, 2011

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան նախագահին խնդրում է ներում շնորհել Մարտի 1-ի գործով ազատազրկվածներին

«Tert.am», 02.05.11: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ներում շնորհել ներկայում ազատազրկման մեջ գտնվող 2008 թ. մարտի 1-ի դեպքերի մասնակիցներին:
«Ներում շնորհելու նախագահի որոշումը կլինի պետության ղեկավարին արժանի պատասխանատու քայլ` միտված հասարակության շահագրգիռ բոլոր խմբերի միջև ներքաղաքական երկխոսության առաջ մղմանը, ուղղված ողջ ժողովրդի ջանքերի համախմբմամբ Հայաստանի ազգային անվտանգության և կայուն, ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունների շուրջ համահայկական կոնսենսուսի ձևավորմանը:
Ներքաղաքական հակամարտությունը օրինապատշաճ քաղաքական մրցակցության կերպափոխելու այս նախաձեռնությունը ենթադրում է մեր ազգային պետության ճակատագրի համար պատասխանատվության բաշխում Հայաստանի նախագահի և քաղաքական բոլոր ուժերի միջև, ինչը ՀՀ-ի և ԼՂՀ-ի զարգացման ու անվտանգության արդյունավետ ապահովման գործում ազգի համախմբմանն ուղղված անհրաժեշտ քայլ է, հատկապես մեր պետությունների դեմ Ադրբեջանի ագրեսիվ շրջանների կողմից ծրագրվող պատերազմի վերսկսման սպառնալիքի համատեքստում:
Ներման շնորհումը կարող է դառնալ Հայաստանի և համաշխարհային հայության բոլոր առաջադեմ հայրենասիրական ուժերի համախմբման հիմք` նրանց առավել ուժեղ կողմերի օգտագործմամբ հանուն կառուցողական քաղաքական համագործակցության` ուղղված ՀՀ-ում համակարգային ժողովրդավարական բարեփոխումների առաջ մղմանը:
2008 թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներին ներում շնորհելու Ձեր որոշումը կլինի բարի կամքի դրսևորում` ուղղված ազգային ջանքերի համախմբմամբ մեր պետության զարգացմանը, միջազգային ասպարեզում նրա դրական իմիջի ամրապնդմանը, ինչպես նաև ողջ հասարակության ջանքերով ազգային անվտանգության ապահովմանը»,- ասված է Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանի դիմումում:

No comments: