Tuesday, June 7, 2011

Պետական կամ ռազմական հեղաշրջում

Ինչպիսի՞ն կարող էին լինել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի հետաձգման պատճառները, ինչպե՞ս են հետագայում զարգանալու իրանա-հայկական հարաբերությունները, ինչպես կանդրադառնան ներիրանյան գործընթացները Հայաստանի վրա: Այս հարցերով դիմեցինք քաղաքագետ Իգոր Մուրադյանին:
- Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան էր պատրաստվում այցելել հայ-իրանական հարաբերությունն ընդգծելու եւ ապագայի առումով կանխորոշելու խնդրով, ինչը այսպես թե այնպես ձեռք է բերում ռազմավարական բնույթ, ինչը եթնադրում է երկարատեւ տնտեսական հարաբերություն եւ պարբերական հարաբերություններ միջազգային քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության ոլորտում: Իրանում կարծիք կա, որ Հայաստանի հետ հարաբերության զարգացումն ուշանում է, արդեն չի արտահայտում այն խնդիրները, որոնք հառնում են պետությունների առաջ:

Թեհրանում համոզում է ձեւավորվում, որ հարկ է արագացնել Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի ու Կենտրոնական Ասիայի այլ հարեւանների հետ հարաբերության զարգացումը, Իրանի կողմից նոր դիրքերի նվաճումը հարակից տարածաշրջաններում, ռուս-թուրքական հարաբերության արագ զարգացման պայմաններում, ինչը կարող է հանգեցնել Իրանի առանց այդ էլ ոչ այնքան նախանձելի դիրքերի հետ մղմանը, նախ եւ առաջ Հարավային Կովկասում:

Սակայն, կամ Իրանի ազգային անվտանգության Խորհուրդը բավականաչափ չի մշակել այս այցի հնարավոր սցենարներն ու բովանդակությունը, կամ, հակառակը, իրանցիները նախընտրեցին շրջել հարաբերությունների զարգացման եւ լիդերների անձնական շփման նախապես մշակված սցենարը: Իրանը պարզեց, որ Հայաստանը լուրջ մտադրություններ ունի գնալ Մադրիդյան սկզբունքների իրականացման, այսինքն տարածքային զիջումների:

Հարց է առաջանում, թե ինչ ռազմավարական հարաբերությունների մասին կարող է խոսք լինել Հայաստանի ու Իրանի միջեւ, եթե կողմերի միջեւ սահմանների երկարությունը կսահմանափակվի 44 կիլոմետրով, երբ կկորսվեն Արաքսի ներկայիս դիրքերը: Այդ դեպքում, Իրանը կարիք չունի իր հյուսիսային անվտանգության հարցերը լուծել Հայաստանի հետ: Այդ հարցերը նա ստիպված կլինի լուծել Ադրբեջանի հետ:

Հայաստանը, որ տեղավորվում է Օպերայից, Պետհամալսարանից եւ Մատենադարանից ընդամենը 1000 մետր ռադիուսով, պետք չէ ոչ Իրանին, ոչ այլ գործընկերոջ: Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա դրանք չեն կարող լինել, քանի դեռ Իրանը չի պարզել Հայաստանի աշխարհաքաղաքական հավակնությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մտադրությունները: Ինչ էլ որ չասեն իրանցի քաղաքական գործիչներն ու դիվանագետները, պետք է հասկանալ, որ Իրանի առաջ խնդիր կա չեզոքացնել կամ նկատելիորեն տրանսֆորմացնել ներկայիս ադրբեջանական պետականությունը:

Իրանցիները կարող են սպասել եւ պատրաստվել “հավերժական թշնամուն” հարվածելուն: Իրանին պետք են գործընկերներ եւ դաշնակիցներ, այլ ոչ թե կարգավորման գործընթացի մասնակիցներ, որը կբերի Հայաստանի ազգային աղետի եւ ծանր հարված կհասցնի Իրանին: Խնդիրն այն է, որ իրանցիները Հայաստանում դեռեւս չեն տեսնում ակտուալ էլիտար խումբ, որը կկարողանար արտաքին քաղաքականություն իրականացնել ռազմավարական ձեւաչափով:

Իրանական գործիչներն ու փորձագետները, որոնք առավելապես աշխատում են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, վերջերս ավելի բաց են դարձել շփումների համար եւ գերադասում են հայ-իրանական հարաբերությունների արդյունավետությունը վերջին 20 տարվա համար գնահատել 10-15 տոկոս: Հենց բուն Հայաստանում սպասումների մասով, իրանցիները կարող են միայն հույս դնել պետական կամ ավելի ճիշտ ռազմական հեղաշրջում իրականացնող ինչ որ բանի վրա:

Թեհրանում թերեւս եզրակացության են եկել, որ Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ֆորմատը պետք է հետաձգել: Առայժմ Իրանն ու Հայաստանը պետք է լցնեն այն բովանդակությունը, որը ենթադրում են արդեն եղած պայմանավորվածությունները: Հնարավոր է Ահմադինեժադի այցը շուտով կայանա էլ, բայց արդյոք այն ունենալու է ռազմավարական բնույթի նշանակություն:

No comments: