/PanARMENIAN.Net/ 15.03.2010 - Թուրքիայի ղեկավարությանը, որը ստորագրում է մի փաստաթղթի տակ, հետո անում է այդ փաստաթղթղին հակասող հայտարարություններ, պետք չէ լուրջ վերաբերվել: Այդ մասին լրագորղներին հայտնել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով, նման գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ղեկավարությունը չի հարգում ոչ պայմանավորվածությունները, ոչ իրեն: «Ինչ վերաբերվում է Արձանագրությունների վավերացմանը, ապա կրկնում եմ, մենք քննարկել ենք այս հարցը կոալիցիայի գործընկերների հետ եւ մնում ենք նախկին դիրքերում. քանի դեռ Թուրքիան չի վավերացրել Արձանագրությունները, հայկական խորհրդարանը ոչինչ չի անելու»,- ասել է Աբրահամյանը:
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Թուրքիան ինքն է փակել հայ-թուրքական սահմանը, ինքն էլ պետք է բացի: «Եթե Անկարան չի ցանկանում դա անել, Հայաստանին դա պետք չէ: Մենք ողջ աշխարհին ցույց ենք տվել մեր բարի կամքը, հիմա հերթը Թուրքիայինն է»,- ասել է Ծառուկյանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment