Sunday, June 26, 2011

Ի՞նչ փաստաթղթի է համաձայն Հայաստանը

«Լրագիր» 25-6-2011- Ազատության հրապարակում այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը կազմակերպել է հերթական քաղաքացիական ժողովը: Ելույթի սկզբում նա նշեց այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել անցնող շաբաթվա ընթացքում: Դրանք են երեկվա Կազանի հանդիպումը, Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթը և Զարուհի Փոստանջյանի` նրան ուղղած հարցը, մի շարք թանկացումները, այն դեպքում, երբ խոստացել էին, որ մայիս-հունիս ամսին գնանկում է լինելու, ինչպես նաև բնության խնդիրներ` Արաքսի ավազանից մինչև Թեղուտ: Հաջորդ շաբաթ ժամը 6-ին կկայացվի առաջին քաղաքացիական որոշումը, ասել է Հովհաննիսյանը:
Մանրամասնելով կազանյան հանդիպումը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Արցախի չմասնակցելով հարց քննարկեցին և չկարողացան համաձայնագիր կնքել, որից հետո Նալբանդյանը մեղադրեց Ադրբեջանին ապակառուցողականության մեջ:
“Եթե Հայաստանը ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարության գնացող երկիրն է, ինչպես հայտարարել է Սերժ Սարգսյանը, ապա ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ փաստաթղթի է համաձայնություն տվել Հայաստանը, իսկ Ադրբեջանը մերժել է, որոնք են այդ փաստաթղթի դրույթները”, ասել է նա:
Ժառանգության առաջնորդը անդրադարձել է Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, որ արդեն համաձայնություն կա, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն շրջաններից, որը Հայաստանի ԱԳՆ-ն հերքել է:
“Այդ փաստաթղթի հրապարակումից կերևա, թե ով է ճիշտ: Երբ Ստրասբուրգում ասվում է, որ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ-ն ոչ որովհետև կան ընթացիկ բանակցություններ, այլ որովհետև հարգում է Ադրբեջանի, ոչ թե Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սա իրենից ի՞նչ է ներկայացնում: Ժամանակն է, որ նախագահը այժմվանից հետո հաշվետու լինի սեփական ժողովրդին: Սա սովորական պահանջ է, ինչպես սովորական հարցադրում էր Զարուհի Փոստանջյանի հարցը, որը հնչեցվեց Ստրասբուրգում: Ամեն մեկը կարող է իր մեկնաբանությունը տալ, բայց այս ինչ աժիոտաժ է, այս ինչ սահմանափակ մտածող ժողովուրդ ենք: Մեր կուսակցության անդամները բարձացնում են ինչպես ցեղասպանության, ԼՂ, այնպես էլ Հայաստանի ժողովրդավարության խնդիրները, և դա այդպես պետք է լինի”, ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա, գործող նախագահը գեղեցիկ ելույթ է ունենում, եթե հաշվի չառնվի Ղարաբաղի մասով ելույթը, որը երկիմաստություններ է պարունակում, և “եթե բոլոր այդ ասածները կատարվեն, ապա տեղի կունենա ընտրական իշխանափոխություն, երբ բոլորի համար հավասար հնարավորություններ կստեղծվեն և կարևոր չէ, թե ով կհաղթի, կարևորը վերջապես կունենանք այդ փոփոխությունը: Բայց արդյոք հայ ժողովուրդը հավատում է այդ խոսքերին: Առաջիկա ամիսներին կերևա, թե այդ խոսքը հնարավո՞ր է վերածվի իրականության: Այս փոփոխությունները եթե իրականանան, ապա Կազանում կամ այլուր կարող ենք կանգնել եւ մեծ տերություններին ասել ներողություն, շնորհակալություն, մենք հարգում ենք ձեր տեսակետը, բայց սա չէ մեր ազգային շահը, սա է սահմանագիծը, քանի որ իշխանությունները կրում են ժողովրդի մանդատը: Հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանի խոսքն իրականություն կդառնա, տեր կկանգնի խոսքին, կկատարի սահմանադրական պարտականությունը, տեր կանգնելով Հայաստանի ու Արցախի Հանրապետության տարածքին, ինքնիշխանությանը և մեր ժողովրդի իշխանություն կազմելու սահմանադրական իրավունքին: Իշխանությունը պետք է վերադառնա ժողովրդին”, եզրափակել է Հովհաննիսյանը:

No comments: