Ըստ այդմ էլ, ստեղծվել է մի մտայնություն կամ պատկեր, որ ով կողմ է փոխզիջումներին, այլ կերպ ասած տարածքները վերադարձնելուն, ուրեմն նա կողմ է խաղաղությանն ու տարածաշրջանային ինտեգրացիոն զարգացմանը, իսկ ով դեմ է տարածքների վերադարձին, նա խաղաղությանն ու զարգացմանն է դեմ եւ հանդիսանում է պատերազմի քարոզիչ կամ հետեւորդ:
Սակայն, խորքային առումով այդ տպավորությունը մեղմ ասած թյուր է, եթե ոչ պարզապես քաղաքական-քարոզչական նկատառումներով ձեւավորված արհեստածին: Հետեւաբար, Հայաստանի հասարակության մեջ պետք է վերանա այդ ընկալումը: Խոսել այսպես ասած փոխզիջման մասին` չի նշանակում լինել խաղաղասեր, լիբերալ, պրագմատիկ, սթափ, ժամանակակից մտածողության կրող, իսկ փոխզիջումը մերժելն էլ չի նշանակում լինել ռոմանտիկ, արկածախնդիր, տաքգլուխ, ազգայնամոլ կամ նեղմիտ:
Ավելին, թերեւս նեղմտություն ու գավառականություն է այդ բաժանումը: Իրականում խաղաղասիրությունը, լայնախոհությունը, արդիական մտածողությունն ու պրագմատիզմն ունեն բոլորովին այլ չափորոշիչներ, եւ հանրային շրջանում պետք է արմատավորվեն հենց այդ չափորոշիչները, ոչ թե այն, թե ինչքանով ես դու կողմ կամ դեմ փոխզիջմանը: Այդ բաժանումը Հայաստանի հասարակությանը ոչինչ չի տալիս, համաշխարհային գործընթացների ընկալումը ազգային անվտանգությանը սպառնացող աստիճանի նեղացնելուց բացի:
Ավելին, Հայաստանի հասարակական-քաղաքական շերտերում ազատախոհությունը, լայնախոհությունը, ազատականությունը, պրագմատիզմը, ժամանակակից մտածողությունը չափելիս կամ գնահատելիս, Հայաստանի արտաքին գործընկեր պետություններն ու կառույցներն էլ պետք է առաջնորդվեն այդ առավել գլոբալ չափորոշիչներով, ոչ թե որեւէ ուժի կամ անհատ գործչի Ղարաբաղի հարցում փոխզիջման կողմնակից կամ դեմ լինել-չլինելով: Եվ, Հայաստանի արտաքին գործընկերները թերեւս հենց այդպես էլ չափում են, այլապես Հայաստանի փոխզիջումը վաղուց էին կորզել:
Իսկ որն է հիմնավորումը, որ փոխզիջման դեմ խոսելն ամենեւին չի նշանակում լինել արկածախնդիր, անսթափ, ռոմանտիկ, պատերազմի քարոզիչ: Հակառակ իմաստով ներկայացվում է, որ եթե մենք չենք գնում փոխզիջումային կարգավորման, ուրեմն մենք այլ ելք չենք թողնում, քան կարգավորման պատերազմական տարբերակը` դրան մղելով Ադրբեջանին: Իսկ քանի որ մենք տնտեսապես շատ ենք զիջում Ադրբեջանին, ըստ փոխզիջման տեսակետի կրողների, ու ժամանակի ընթացքում դեռ շատ ենք զիջելու, ապա պատերազմի դեպքում ոչ միայն մարդկային ողբերգություններից, մեզ սպառնում է նաեւ պարտություն եւ եղածի ամբողջական կորուստ:
Ահա այդ մոտեցումն է առաջ քաշվվում, որից էլ ինքնաբերաբար բխեցվում է, թե եթե դու ասում ես, որ մենք պետք է պահենք ստատուս-քվոն, ուրեմն ասում ես, թե եթե պետք է, ուրեմն նաեւ պիտի պատերազմենք:
Ընդհանրապես, եթե մենք պետություն ենք, ապա այստեղ քննարկելու բան չի կարող լինել` եթե պետք է, ուրեմն իսկապես պիտի պատերազմենք: Մարդկային առումով չափազանց դժվար է պատկերացնել դա, քանի որ հեշտ է խոսել ընդհանրական, սակայն երբ փորձում ենք անհատականացնել այդ խոսքը, ապա տեսնում ենք, թե որքան ողբերգական երեւույթ է պատերազմը: Բայց, կրկնում եմ, եթե մենք ապրում ենք ոչ թե բակային, թաղային, կամ համայնքային, այլ պետական կյանքով, կամ գոնե ուզում ենք այդպիսի կյանքով ապրել, ապա դա ենթադրում է նաեւ պետության ռազմունակության ֆունկցիայի առկայություն` այսինքն պատրաստվածություն պատերազմական իրավիճակների:
Իսկ ինչ է դա ենթադրում: Դա ենթադրում է ռեսուրսային համապատասխան բազայի առկայություն: Ի շարս բազմաթիվ ներպետական գործոնների, ազատագրված տարածքներն այդ բազայի կարեւորագույն բաղկացուցիչներից են: Ազատագրված տարածքները ռեսուրս են` բարոյահոգեբանական, քաղաքական, նյութա-տնտեսական, ստրատեգիական-դիրքային:
Որեւէ պետություն չի կարող պատերազմը կամ դրա վտանգը հեռացնել իրենից, իրենից հեռացնելով հնարավոր պատերազմի դեպքում իր պաշտպանունակության գործում առանցքային նշանակություն ունեցող ռեսուրսային մի ամբողջ համակարգ, ինչը նշանակությունն ակնհայտ է թերեւս թե իր հասարակության, թե հաստատապես իր հակառակորդի համար:
Կարող է ասվել, թե հենց այդ համակարգն է վիճահարույցը եւ պատերազմի սպառնալիքը գալիս է հենց դրանից` որ ուզում ենք պահել ստատուս-քվոն, ինչը կատաղեցնում է Ադրբեջանին: Այսինքն, կտանք, ու այլեւս պատերազմական սպառնալիք չի լինի, հետեւաբար չենք ունենա ռեսուրսային սղություն այդ պատերազմում կենսունակ լինելու հարցում;
Նախ, իսկ որն է երաշխիքը, որ Ադրբեջանի ոչ միայն կատաղությունը չի նվազի, այլ նաեւ տարիների ընթացքում չի մեծանա ախորժակը: Այսպես ասած միջազգային երաշխիքների “արժեքը” մենք պետք է որ վաղուց պատկերացրած լինեինք: Մեր աչքի առաջ բազմաթիվ օրինակներ ենք տեսնում, որ եթե աշխարհաքաղաքական շահը պահանջում է, ապա ռազմական գործողությունները շատ հանգիստ շրջանցում են այդ միջազգային երաշխիքները:
Եվ երկրորդ, Հարավային Կովկասը բավական բարդ աշխարհաքաղաքական հանգույց է եւ դրա մասին գիտեն երեւի նույնիսկ դպրոցական միջին տարիքի աշակերտները: Տարածաշրջանն ունի թե ներքին, թե հարակից բազմաթիվ խնդրահարույց օջախներ, որոնցից մեկի գեներացման պարագայում կարող է տեղի ունենալ շղթայական ռեակցիա: Հետեւաբար, եթե կան մարդիկ, ում թվում է, թե միայն Ղարաբաղի հարցը լուծելով Հայաստանն այլեւս կլուծի խաղաղության հարցը, թերեւս սխալվում են: Հարավային Կովկասում խաղաղության հարց կլուծվի միայն եթե բոլոր տարածաշրջանային, մերձտարածաշրջանային եւ համաշխարհային խաղացողները հիմնարար լուծում տան իրենց խնդիրներին: Իսկ այդպիսի հեռանկար, համենայն դեպս առաջիկա տասնամյակների համար, շատ դժվար է պատկերացնել, առավել եւս մի համաշխարհային գործընթացի պարագայում, երբ աշխարհում հիմնարար փոփոխության հեռանկարի, եւ արդեն իսկ իրականացող հեռանկարի առաջ է տնտեսական քարտեզը:
Հետեւաբար, կորցնելով իր անվտանգության, դիմադրունակության բավական ծանրակշիռ մի ռեսուրսային համակարգ, Հայաստանն իրեն ընդամենը դարձնելու է “թույլ օղակ” կամ “ավելի թույլ օղակ” աշխարհաքաղաքական այդ շղթայում:
Ու նաեւ, հասկանալի է, որ տարածաշրջանային ինտեգրացիոն զարգացումը չափազանց կարեւոր եւ ցանկալի հեռանկար է Հարավային Կովկասի համար, ու իհարկե կարեւոր է, որ Հայաստանն այդ ինտերգացիայի համար ներդնի հնարավորին մեծ ջանք: Սակայն առնվազն զարմանալի է, որ Հայաստանը պատրաստվում է այդ ինտեգրացիայի համար ներդնել իր անվտանգության մի կարեւոր մաս: Գուցե այդ ներդրումը արժանանա դիվանագիտական խրախուսանքների կամ նույնիսկ Նոբելյան մրցանակների, սակայն դա առեւերույթ, իսկ խորքային իմաստով աշխարհում պարզապես կհասկանան, որ Հարավային Կովկասում ինչ խնդիր որ կա, առաջինը պետք է փորձել լուծել Հայաստանի հաշվին, քանի որ Հայաստանը դրան միշտ պատրաստ է:
Հարավային Կովկասում տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ շարունակ ինչ որ ստատուս-քվոներ են ձեւավորվել Հայաստանի, հայության շահի եւ ռեսուրսների հաշվին: Միթե դա բավական չէ: Միթե ժամանակը չէ, որ մի քիչ էլ ի շահ Հայաստանի ձեւավորվեն կամ ամրագրվեն ստատուս-քվոներ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment