Saturday, June 25, 2011

Փոքր խաղի ծպտված կանոնները

«Լրագիր» 25-6-2011- Կազանը Ռուսաստանի նվաճած տարածքներից է, և Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հանդիպումն այնտեղ գումարելն անշուշտ սիմվոլիկ է` ի ցույց ողջ աշխարհի, որ կան ազգեր, որոնց նվաճելը թույլատրված է, իսկ կան ազգեր, որոնք մշտականորեն պիտի զիջեն:
Այդ պատմական անարդարությունը (տեսնես որերորդը ազգիս պատմության մեջ), այնուամենայնիվ, մտքեր է առաջացնում այն մասին, թե ինչից է գալիս պարտվողականության այդ սինդրոմը: Օբամա, Մեդվեդև, Սարկոզի տանդեմը եկավ ապացուցելու, որ հազար գերտերություն էլ հավաքվի` մեր հարցերի լուծումն էլի մեզ վրա է: Եվ այսպես.

Հարց 1. Ինչպես կարելի է փորձել պահպանել սեփական պետությունը, երբ դու չունես սեփական անկախության առաջնահերթություն: Այս պարագայում առաջին նախագահը հայտարարում է, որ ուրախ է, որ ռուսական բազաները կմնան մեր տարածքում ևս մի100 տարի, ներկա նախագահն ասում է, որ մենք պատերազմին պատրաստ չենք, իսկ երկրորդ նախագահն ամեն մի անկարևոր խնդրին բուռն արձագանք է տալիս, իսկ նման կարևոր հարցում լռում է ու չի փորձում Սաբինա Ֆրեզերին դատի տալ ակնհայտ ուսուցողական տոնի համար: Ի դեպ, առաջին եւ երրորդ նախագահներն արդարացիորեն բաժանել են ոչ պոպուլիստական հայտարարությունների բեռը, կարծես ներքին պայմանավորվածությամբ, ապահովել են անկախության կորստի մասին մեզ փուլ առ փուլ իրազեկելու առաքելությունը:

Հարց 2. Ոչ անկախ երկրի գործառույթում ի՞նչ դերակատարում կարող են ունենալ արտահերթ կամ հերթական ընտրությունները: Արտահերթ և ոչ արտահերթ ընտրության վերաբերյալ վիճաբանությունները ներքին գործընթացների անպտղության վառ ապացույցն են, քանզի պետական կարգի հեղափոխական գործընթացն ապահովվում է միայն ինքնիշխան երկրի ինքնիշխանության ողջ գործառույթի մանրամասնմամբ:
Նույն տրամաբանության մեջ անիմաստ են բոլոր բողոքները մեր դեպուտատների պրոֆեսիոնալ մակարդակի առումով, քանզի ուսյալ և գրագետ դեպուտատի պահանջն առաջ է գալիս միայն գործող օրենսդրության դեպքում, իսկ գործող օրենսդրությունը պետք է միայն անկախ երկրին: Այժմյան իրավիճակում, մեզ նույնիսկ պառլամենտ պետք չէ, պետք են ինստրուկցիաները մեկնաբանող մի երկու խոսնակ:
Հարց 3. Ինչպե՞ս փաստացի անկախությանը չտիրապետելով`մենք կարող ենք բանակցել մեկ այլ երկրի անկախութան շուրջը: Արդյոք մենք պատկերացում ունենք անկախության իրավական գործընթացի մասին այն աստիճանի, որ կարող ենք տնօրինել այլոց ճակատագիրը:
Դեռ ավելին, իրավունք ունե՞նք մենք մեր մեղմ ասած կիսանկախ վիճակում մեկին դարձնել մեր չկայացած կրկնակը:
Այս հարցերի համատեքստում բացարձակ ըմբռնելի են դառնում բոլոր երկխոսությունները: Իշխանության և ընդդիմության մերձեցումը ոչ թե գործարք է, այլ անկախության կորստի արտացոլում, քանզի նման երկրներում քաղաքացիական շարժումները վերանում են, լավագույն դեպքում վերածվելով շարքային ազգայնականության, իսկ վատագույն դեպքում` թատերական ներկայացման:

Ի վերջո, լավատեսական շեշտով հոդվածը ավարտելու համար նշեմ, որ մենք դեռ մի անկախ ոլորտ ունենք`արտագաղթը: Միայն այստեղ է, որ մենք գործում ենք սեփական որոշումների համաձայն…

Սամվել Կլեմյան

No comments: