Saturday, June 25, 2011

Ն. Մամեդովը պարզել է, որ տարիներ շարունակ տարածաշրջանում խաղաղություն ապահովող կողմը հենց Ադրբեջանն է եղել

News.am. 25-6-2011- Բաքուն մեղադրանքով է պատասխանել Երեւանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը Կազանի հանդիպմանը պատրաստ չեղավ ընդունել համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը:
«Ցանկանում եմ նշել, որ հայկական կողմը բանակցային գործընթացի շուրջ իրավիճակը նորից օգտագործում է շահադիտական նպատակներով` մեղադրելով Ադրբեջանին հիմնարար սկզբունքների ընդունումը տապալելու մեջ եւ այդպիսով միջազգային հանրությանը մոլորության մեջ դնելով», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Միաժամանակ նա նշել է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, « քանի որ Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ եւ տվյալ հարցում բազմիցս է իր կամքը ցուցաբերել»: «Տարիներ շարունակ տարածաշրջանում խաղաղություն ապահովող կողմը հենց Ադրբեջանն է եղել: Ադրբեջանի ղեկավարության, երկրի նախագահի քաղաքական կամքն այս բոլոր տարիներին ուղղված էր նրան, որ խաղաղ բանակցային գործընթացը շարունակվի, եւ հակամարտությունն իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով: Հայաստանի նույն պաշտոնատար անձինք, ովքեր հայտարարում են, թե իբր իրենք են ջանքեր գործադրում` ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար, պարզապես զբաղվում են միջազգային հանրությանը խաբելով», - հայտարարել է նա:

Այնուհետեւ Մամեդովը սկսել է Երեւանին մեղադրել բարձր մակարդակով մյուս հանդիպումներում առաջընթացի բացակայության համար:

«Մինչ Կազանում բանակցությունները`միջազգային հանրության եւ միջնորդների կողմից լավատեսական ուղերձներ էին հնչում այն մասին, որ այդ հանդիպմանը հնարավոր է հասնել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ընդունմանը: Չնայած այն բանին, որ Կազանում հիմնարար սկզբունքները չընդունվեցին` որոշվեց շարունակել բանակցությունները: Կազանում բանակցությունների ընթացքում Ադրբեջանը պետք է ներկայացներ իր դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ: Հայաստանն էլ, ցավոք, ինչպես եւ նախորդ տարիներին, սկսեց մեղադրել Ադրբեջանին անհետեւանք բանակցությունների համար: Բոլորին է հայտնի, որ հենց Հայաստանն է ձախողել Աթենքում, Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունենրը: Սոչիում Հայաստանը ժամանել էր իր կողմից պատրաստված նախագծով, որն ընդհանրապես համաձայնեցված չէր միջնորդների կողմից: Այսինքն` Հայաստանը սովոր է տարբեր հնարաքների: Ցավոք, Հայաստանի արտգործնախարարը շարունակում է հենց դրանով զբաղվել: Բանակցությունները շատ դժվար են ընթանում, բայց մենք շարունակում ենք պնդել մեր դիրքորոշումներն ու սկզբունքները` չնայած հայկական կողմի նման վարվելակերպին»,-հայտարարել է Մամեդովը:

«Ընթանում է շատ բարդ բանակցային գործընթաց, եւ երկրի նախագահը տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի հակամարտությունը կարգավորվի: Ինչպես հայտնի է, միջազգային հանրության ուշադրությունն այս խնդրի լուծման նկատմամբ մեծացել է: Բառացիորեն կազանյան հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի իր գործընկեր Բարաք Օբամայի հետ, անձնական ուղերձ է ստացել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիից: Այս ամենը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը շատ ուշադիր հետեւում է բանակցային գործընթացին: Ուստի մենք պետք է այնպիսի քայլեր անենք, որոնք նպաստեն հակամարտության լուծմանը, ոչ թե խանգարեն բանակցային գործընթացի զարգացմանը», - նշել է նա:

No comments: